Հունաստանի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին: Այդ մասին վկայում է նրա օգտին տրված ձայների հաշվարկը:

Մինչև վերջին ժամանակներս Սակելարոպուլուն Պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի նախագահն էր: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն է դարձել բարձրագույն պետական պաշտոնում:

63-ամյա Սակելարոպուլուի թեկնածությունն առաջադրել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Վարչապետի խոսքով՝ «Սակելարոպուլուն բացառիկ իրավաբան է միջազգային գործերի գծով, դատական աշխատող՝ Գերագույն դատարանում փայլուն կարիերայով, որը դարձել է նրա առաջին կին նախագահը, ընդ որում՝ նախորդ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և նրա կառավարության միաձայն որոշմամբ»:

Հիշեցնենք՝ 1975 թվականի Սահմանադրության համաձայն՝ Հունաստանը խորհրդարանական հանրապետություն է: Պետության ղեկավարը նախագահն է, որը կատարում է հիմնականում արարողակարգային գործառույթներ, հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին: