Նորածնի լոգանքը կյանքի առաջին օրերին

Հայտնի է, որ նորածինների մաշկը շատ հարթ է ու նուրբ: Երեխայի կյանքի առաջին տարում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան՝ ինչպես հոգալ նրա մասին:

Մեզանում ընդունված է երեխաներին լողացնել  ավելի հաճախ, քան դրա կարիքը կա: Իրականում, նորածինները շատ կեղտոտ չեն լինում. մինչև կեղտոտ ջրափոսում խաղալը, դեռ շատ ժամանակ կա:

Թե երբ է պետք առաջին անգամ լողացնել նորածնին, շատ վիճելի հարց է: Որոշ մանկաբույժներ գտնում են, որ մինչև պորտի ընկնելը երեխային պետք է սրբել սպունգով, այլ ոչ թե լողացնել: Որոշները վիճարկում են այս մոտեցումը՝ համարելով, որ երեխային լողացնելը չի ավելացնում պորտի բորբոքման հավանականությունը:

Նորածնին սպունգով սրբելն ունի իր առանձնահատկությունները։ Այսպիսով, նախևառաջ սենյակը կամ լոգարանը պետք է լինի տաք՝ առանց միջանցիկ քամու: Երեխային սրբելու համար անհրաժեշտ պարագաները՝ երկու փոքր մանկական սրբիչ, մանկական սպունգ, փափուկ օճառ և մանկական շամպուն, բամբակե փայտիկներ, տակդիր, մաքուր հագուստ, պետք է հարմար դասավորել։ Երեխային կարելի է դնել ձեր ծնկներին կամ սեղանին՝ փափուկ և հաստ սրբիչի վրա: Կարող եք դնել նաև դատարկ տաշտակի մեջ, որի հատակին նախապես փռել եք փափուկ կտոր:

Սկզբում տաք ջրով պետք է լվանալ երեխայի դեմքը, լավ սրբել ականջների հետևը և վզի ծալքերը: Եթե երեխայի մաշկը շատ քրտնած կամ կեղտոտ չէ, բավական է հասարակ ջրով սրբելը: Սպունգից մի փոքր ջուր լցրեք երեխայի գլխին, ավելացրեք մի քանի կաթիլ շամպուն և զգուշությամբ մերսեք գլուխը: Գաղթունը լվալիս պետք չէ չափազանց զգույշ լինել, քանզի իրականում ներսում այն շատ պինդ է: Հանգիստ լվացեք երեխայի գլուխը և լավ չորացրեք սրբիչով: Շուռ տվեք երեխային, հանեք տակդիրը և սրբեք մարմնի մնացած մասերը: Բացեք թևատակերը, ծնկների հետևի մասերը, արմունկի ներսը և մնացած այլ շուտ ճարպոտվող մասերը և լավ սրբեք: Որպեսզի երեխան չմրսի և չնեղվի, ծածկեք նրան, քանի դեռ լվանում եք հետույքը: Երեխայի սեռական օրգանները առանձնահատուկ խնամք է պահանջում: Բացեք երեխայի ոտքերը գորտի ոտքերի նման: Աղջիկ երեխաներին սրբելիս՝ բացեք սեռական օրգանի շուրթերը և թրջած բամբակե փայտիկով սրբեք դրանց արանքը: Հեշտոցի շուրջ սրբելիս միշտ շարժվեք դիմացի հատվածից դեպի հետևի հատվածը: Դուք կարող եք նկատել, որ արտադրությունը և քսուների մնացորդները հավաքվում են մեծ և փոքր շրթունքների միջև: Այս հատվածը պետք է ավելի ուշադիր և լավ մաքրել: Մեծ և փոքր շրթունքների միջև կուտակվող ձվի սպիտակուց հիշեցնող հեշտոցային արտադրությունը սովորական երևույթ է:

Տղա երեխաների դեպքում լվացեք ձվիկների տակի ծալքերը, սեռական օրգանի և հետույքի մաշկը, ինչպես նաև առնանդամի հիմքը: Մի հեռացրեք առնանդամի ծայրի մաշկը: Երեխային արագ տակդիր և ներքնաշոր հագցրեք, որ չմրսի և չլարվի:

Պորտն ընկնելուց հետո երեխային կարելի է արդեն լողացնել: Երեխային լողացնելուց առաջ ստուգեք, որ ջուրը հաճելի տաք լինի՝ 37OC, բայց ոչ շատ տաք: Լոգարանը կամ սենյակը, որտեղ լողացնելու եք փոքրիկին, պետք է լինի տաք՝ ոչ պակաս 22 OC աստիճանից և առանց միջանցիկ քամու։ Լողանալու ժամանակ կարելի է երգել և նրբորեն մերսել փոքրիկին, ինչը կօգնի նրան թուլանալ և հանգստանալ:

Պետք է հիշել նաև, որ նորածնի մաշկը, ինչպես մեծերինը, խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց: Հաճախ խոնավեցումը պահանջվում է այն դեպքում, երբ երեխայի մաշկը չոր է, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին: Երեխաների համար պետք չէ օգտագործել լոսյոններ, դա կարող է գրգռել մաշկը: