«Արմաթն» ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Այսօր՝ հունվարի 21-ին, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Բաքվի ջարդերն ապրած Աննա Աստվածատուրյանի հովանավորությամբ Ստեփանակերտի N8 միջնակարգ-հոսքային դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, դպրոցի աշակերտներն ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին, լաբորատորիայի բացման հովանավոր Աննա Աստվածատուրյանին դիմավորել են աղ ու հացով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշատախտակին:

Լաբորատորիայի բացման պատիվը տրվել է Աննա Աստվածատուրյանին և դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Գեղամ Բեգլարյանին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը: Նրա խոսքով՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և կահավորված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման նպատակն է խթանել տեխնոլոգիական կրթությունը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մեծ դեր կունենան ԱՀ տնտեսական ոլորտում՝ պատրաստելով տեխնիկական մասնագիտության աշխատուժ, որը կբավարարի օրեցօր աճող պահանջարկը: Եթե մենք իսկապես ուզում ենք տեխնոլոգիական երկիր լինել, ապա ցանկացած երեխա, ապրելով անգամ ամենահեռավոր գյուղում, պետք է տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ունենա: Մեր աշակերտները նորաբաց լաբորատորիայում կուսումնասիրեն ծրագրավորում, կստեղծեն խաղեր և անիմացիաներ, կզբաղվեն ռոբոտաշինությամբ, եռաչափ մոդելավորմամբ և տպագրությամբ, համակարգչային փայտամշակմամբ և լազերային փորագրությամբ»,-մասնավորապես ասել է տնօրենը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ 21-րդ դարն անհնար է պատկերացնել առանց տեխնիկական կրթության: Դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը կարևոր է թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների համար: «Այսօր Արցախում բացվել է 27-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որից 5-ը տեղակայված է Ստեփանակերտում, 22-ը՝ շրջաններում՝ ընդ որում 15-ը՝ գյուղական բնակավայրերի դպրոցներում: Նախարարությունն անչափ կարևորում է տեխնիկական կրթության հասանելիությունը բոլորի համար, և փորձում է չկենտրոնանալ մայրաքաղաքում: Այս ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի հետ համագործակցության շրջանակներում և բարերարների աջակցությամբ: Վստահ եմ, որ Ստեփանակերտի 8-րդ դպրոցի աշակերտները մեծ հետաքրքրությամբ են հաճախելու նորաբաց խմբակ և ամիսներ հետո մասնակցելու են տարբեր մրցույթների: Մենք ունենք հրաշալի և ընդունակ սերունդ և նրանց համար ստեղծելով համապատասխան պայմաններ՝ փորձում ենք ի հայտ բերել նրանց ներուժը»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը և իր շնորհակալությունը հայտնել Ա. Աստվածատուրյանին՝ արցախցի երեխաներին նման նվեր պարգևելու համար:

Աննա Աստվածատուրյանն իր հերթին ասել է. «Ես վերջերս կապի մեջ էի Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ովքեր պատրաստ էին և բարոյապես, և ֆինանսապես աջակցելու Արցախին: Նրանք ինձ վստահում էին այն առումով, որ գիտեն՝ պարբերաբար եմ լինում Արցախում: Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Թալինում հիմնել եմ անտառ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին: Հաջորդ նախաձեռնությանս՝ Ստեփանակերտում ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման նպատակն է, որպեսզի նայենք դեպի ապագան՝ այս կերպ մեր հարգանքի տուրքը մատուցելով նաև Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Արցախի ապագան երեխաներն են: Ես երախտապարտ եմ ԱՀ ԱԳ նախարարությանը, որն ուղղորդեց այս ծրագրի իրականացումը: Արցախում կան տաղանդավոր ու ստեղծագործ երեխաներ: Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ աջակցել Արցախին՝ ինչով  կարող եմ»:

Ըստ ԻՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանի՝ Ստեփանակերտի N8 միջնակարգ-հոսքային դպրոցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիան 575-րդն է, որից 27-ը՝ Արցախում, 4-ը՝ Ջավախքում:

Նա տեղեկացրել է, որ մոտ 20 օրից հետո Հնդկաստանում ևս բացվելու է 2 լաբորատորիա:

«Մեր կողմից բացված լաբորատորիաներ է հաճախում ավելի քան 14 հազար երեխա: Երկու տարուց ավելի խմբակ հաճախող երեխաների 80 %-ն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 44 %-ը սովորում և աշխատում է: Ներկայումս Վանաձորում սովորող շուրջ 40 աշակերտ աշխատում է եռաչափ մոդելավորման ծրագրի վրա. դրան օրական տրամադրելով 4 ժամ՝ աշակերտները վաստակաում են 70-80 հազար դրամ: «Արմաթն» ապագայի ալգորիթմն է. այն բարեկեցությունն ապահովելու ծրագիր է, բանակի հզորության գրավականն է»,-մասնավորապես ասել է Ս. Վարդանյանը: