Հայտնի է «Իսլամական պետության» նոր առաջնորդի անունը

The Guardian-ն անվանել է «Իսլամական պետության» նոր առաջնորդի անունը։

Նոր առաջնորդ է դարձել  Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ-Մուլյան, որն ահաբեկչական խմբավորման գաղափարախոսներից է։ Այս մասին գրել է բրիտանական թերթը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։

Հրապարակումը Ամիր Աբդել Ռահմանին անվանել է «Իսլամական պետության» առաջնորդներից, որը մտերիմ էր խմբի նախկին ղեկավար Աբու Բաքրու ալ-Բաղդադիին (Նա հոկտեմբերի վերջին չեզոքացվեց Իդլիբի մատույցներում՝ ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում): Պետքարտուղարությունը նրան անվանում է բնիկ իրաքցի, արմատական քարոզիչ և ալ-Բաղդադիի տեղակալներից մեկը։ Տեղեկատվության համար, որը կօգնի բռնել նրան կամ ալ-Բաղդադիի այլ մերձավոր գործընկերների, ԱՄՆ իշխանություններն առաջարկել են մինչև 5 միլիոն դոլար վարձատրություն:

Ըստ բրիտանական հրատարակչության, ԻՊ նախկին և ներկա առաջնորդները հանդիպել են դեռևս 2004-ին՝ երբ երկուսն էլ գտնվում էին ճաղերի հետևում՝ Իրաքի Քեմփ Բուկա ամերիկյան ճամբարում: Ամիր Աբդել Ռահմանը խմբի հիմնադիրներից մեկն էր, մասնակցել է գաղափարախոսության ստեղծմանը և պլանավորել մի շարք գործողություններ: Թերթի տեղեկություններով՝ հենց նա է ձեռնարկել Հյուսիսային Իրաքում եզդիների և Նինվեի հարթավայրում քրիստոնյաների ոչնչացումը։

Այն բանից հետո, երբ ԻՊ-ը հաստատել է Ալ-Բաղդադիի մահը, ահաբեկիչների ներկայացուցիչները հայտարարել են, որ խմբավորման նոր ղեկավարը  Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին է: The Guardian-ի տեղեկացմամբ,  սա միայն կեղծանուն է, որը ոչինչ չի ասում «Իսլամական պետության» բարձրաստիճան անդամներին կամ արևմտյան հետախուզական գործակալությունների փորձագետներին: Ամիր Աբդել Ռահմանը նշանակվել է «Իսլամական պետության» նոր ղեկավար՝ իր նախորդի վերացումից մի քանի ժամ անց: Հրապարակումը գրում է, որ այժմ նա փորձում է միավորել խմբի ղեկավարությանը, որն այս պահին գրեթե ամբողջությամբ բաղկացած է այն ահաբեկիչներից, որոնք «Իսլամական պետությանն» են միացել իր գոյության տարբեր փուլերում:

The Guardian-ի զրուցակիցները հայտարարել են, որ խմբի նոր ղեկավարը կապեր ունի Թուրքիայում, որտեղ նրա եղբայրը «Իրաքի թուրքմենների ճակատ» քաղաքական շարժման ներկայացուցիչն է (նրանք երկուսն էլ պատկանում են այս էթնիկ խմբին): Փորձագետները ենթադրում են, որ Ամիր Աբդել Ռահմանը կարող էր թաքնվել Իրաքի Մոսուլի շրջակայքում, որտեղ նա ուսումնասիրել է շարիաթի օրենքը: