Մարտունու բժշկական կենտրոնում հաջորդ շաբաթվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքի բացման ուղղությամբ արդեն կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Այս մասին տեղեկացել ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Հեմոդիալիզի բաժանմունքը հունվարի 27-ից կսպասարկի հերթագրվածներին: «Բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, առողջապահության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ և կառավարության համաձայնությամբ,- ներկայացրել է Մարտունու ԲԿ-ի տնօրենը:- Այն ծրագրով նախատեսված էր ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչև նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարում ենք հիվանդների հերթագրում, որի համար տարածել ենք համապատասխան տեղեկատվություն: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում, որը մեզ հնարավորություն է տալիս՝ մեկ հերթափոխում սպասարկելու 30 հիվանդի: Այս ձեռնարկի արդյունքում մասնավորապես Մարտունու և Վարդենիսի տարածքների առողջական խնդիրներ ունեցող մարդիկ արդեն բուժումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ, քանի որ մինչ այդ ստիպված էին դիմել այլ բուժհաստատությունների օգնությանը»: