ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Ստի ոտքը իսկապես կարճ է: Նման պրիմիտիվ մանիպուլյացիաներինը՝ ևս»:

Գլխավոր դատախազի խորհրդականը տարածել է  դատախազության պարզաբանումը Araratnews.am-ին, նախորդ տարի իրավապաշտպան Արտակ Գալստյանի ու փաստաբան Սուսաննա Սարգսյանի հրապարակած տեղեկության վերաբերյալ, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՀ գլխավոր մանկաբարձ, երեխաների վաճառքի համար մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը հանդիպել են:

«… Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ հրավիրված Ա. Գալստյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց՝ քննությանը հայտնելով իր տեղեկությունների աղբյուրները:

Ձեռնարկված քննչական, դատավարական միջոցառումներով պարզվել է, որ հաղորդման մեջ նշված վայրում Ռ. Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել ոչ թե գլխավոր դատախազի, այլ իր իրավաբանի հետ, և տվյալ հանգամանքն ակնհայտ է եղել տեղեկություն տարածողի համար:

Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված վայր այցելելու և այնտեղ Ռազմիկ Աբրահամյանի, Լիաննա Կարապետյանի և այլ անձանց հետ հանդիպումներ ունենալու վերաբերյալ առհասարակ որևէ տվյալ չի ստացվել:

Այսինքն, նյութերի նախապատրաստմամբ հերքվել են վերը նշված հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները, և հիմնավորվել է, որ քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումների, դրանց հանգամանքների վերաբերյալ պնդումները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Նման պայմաններում որոշում է կայացվել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ, նկատի առնելով, որ ստացված տվյալներն առերևույթ վկայում են դատախազին կոնկրետ գործով քննություն վարելու հետ կապված զրպարտելու՝ քրեական պատասխանատվություն նախատեսող արարքների մասին՝ նշված փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվում է նախաքննություն»,- հայտնել են դատախազությունից: