Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա:

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի։

Այս մասին նշել է Արցախի ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի և օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են և շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաև Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:

ՃՈ պետի տեղակալը հիշեցրեց, որ մինչև 10 կմ/ժ  արագությունը գերազանցելու դեպքում միավոր դուրս չի գալիս, սակայն ամեն մի կմ-ի համար սահմանված է հազար դրամ տուգանք. «10-30 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և հանվում է 2 միավոր: 30-50 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք և հանվում է 3 միավոր, իսկ 50-80 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք և հանվում է 3 միավոր: 80կմ/ժ դեպքում՝ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից»:

Արմեն Հարությունյանը չի բացառել, որ սեպտեմբերից նաև Արցախում կներդրվի բալային համակարգը: