Զինյալները փորձել են գրոհել ռուսական Հմեյմիմ ավիաբազան

Հունվարի 19-ին Սիրիայում զինյալները փորձել են անօդաչուներով հարձակվել ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է թիրախը, հենակետին ոչ մի վնաս չի հասցվել: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Գերատեսչությունը նշել է, որ Հմեյմիմ ավիաբազայի հակաօդային պաշտպանություն համակարգերը նկատել են հյուսիս-արևելքից բազային մոտեցող երեք փոքր անօդաչու թռչող սարքեր:

«Ռուսական ռազմաօդային բազայի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը օդային թիրախները ոչնչացրել են ավիաբազայից անվտանգ հեռավորության վրա: Տուժածներ և նյութական վնասներ չկան: Ռուսական Հմեյմիմ ավիաբազան գործում է՝ ինչպես նախատեսված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ հարձակումը ավիաբազայի վրա տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին: Այդ ժամանակ  հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խփել երկու անօդաչու թռչող սարք, հարձակումը  որևէ հետևանք չի ունեցել։