Կանադան վստահ է. ամերիկացիները ևս պատասխանատու են ուկրաինական «Boeing»-ի կործանման համար

Անհավանական բան է տեղի ունեցել: ԱՄՆ ամենամոտ և հուսալի դաշնակիցը` Կանադան, որը միշտ հնազանդորեն, ինչպես գրպանի շունիկ, քայլում է Վաշինգտոնի «տիրակալի» կողքին ԱՄՆ-ի առավել անհավատալի արկածախնդրություններում, հանկարծ ոգևորվել և սկսել է «հաչալ» Սպիտակ տան վրա: Կանադան անկախ պետություն չէ, ամբողջ Կանադան Միացյալ Նահանգների հնազանդ խամաճիկն է: Եվ հանկարծ`«ստրուկների ապստամբությունը»: Այստեղ զարմանալու բան կա: Բացատրենք, թե ինչ նկատի ունենք: Ամբողջ աշխարհը, և մասնավորապես Հայաստանը, տեղյակ է Թեհրանի մերձակայքում կատարված ուկրաինական «Boeing»-ի ողբերգությանը: Հիշեցնենք, որ ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռը խոցվել էր հրթիռային հարվածով Թեհրանի երկնքում՝ թռիչքից գրեթե անմիջապես հետո: Բոլորը, ովքեր գտնվում էին օդանավում, ինչպես հայտնի է, զոհվել են: Քանի որ զոհվածների ճնշող մեծամասնությունը Իրանի քաղաքացիներ էին, այս երկրում նույնպես հայտարարվել է ազգային սուգ՝ ավիավթարի կապակցությամբ:

Սկզբում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես էր գալիս հենց որպես հակաիրանական քարոզչական նոր ալիքի նախաձեռնող: Եվ հանկարծ նա փոխում է իր սկզբնական դիրքորոշումը, ըստ որի՝ «ամեն ինչում մեղավոր է Իրանը»: Հունվարի 15-ին Թրյուդոն սենսացիոն հայտարարություն արեց. «Միացյալ Նահանգներն ու Իրանը հավասարապես մեղավոր են ուկրաինական միջազգային ավիաուղիների «Boeing»-ի հետ տեղի ունեցած ողբերգության համար: Ինքնաթիռում մարդիկ զոհվել են երկու երկրների միջև լարվածության սրման պատճառով: Եթե ​​դա չլիներ, ապա և կանադացիները, և այլ երկրների քաղաքացիները, և ուկրաինացի օդաչուները այժմ իրենց  ընտանիքների հետ կլինեին» (մեջբերում կանադական «Global National» թերթից): Կանադայի վարչապետը նաև ավելացրել է, որ իր երկրի ժողովուրդը «պահանջում է հաստատել կատարվածի բոլոր փաստերն ու օբյեկտիվ և խստորեն հետաքննություն կատարելուց հետո պատժել բոլոր պատասխանատուներին»:

Սակայն, ինչպես ասում են, «սկզբում խոսքն էր»: Եվ եթե, ըստ Թրյուդոյի ներկայիս կարծիքի, «Միացյալ Նահանգներն ու Իրանը հավասարապես մեղավոր են», ապա նրա կոչը՝ «օբյեկտիվ և խստորեն հետաքննություն կատարելուց հետո բոլոր մեղավորներին պատժելու մասին», վերաբերում է ոչ միայն ՀՕՊ համակարգի օպերատորին, որը սեղմել է «մեկնարկի» կոճակը, այլ… ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, տխրահռչակ Ջոն Բոլթոնին, այն ամերիկացի և իսրայելցի զինվորներին, ովքեր մասնակցել են գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի ահաբեկչական սպանությանը և այլն: Քանզի հենց Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տարածաշրջանում իրավիճակը կտրուկ վատացավ: Այս սպանությունից առաջ Իրանը չէր ծրագրում պատասխան հրթիռային հարված հասցնել Իրաքում ԱՄՆ  ռազմակայաններին, չնայած նրա հրթիռային ուժերը 2016 թվականից գտնվում են մարտական պատրաստության վիճակում և կարող են հրամանի դեպքում ոչնչացնել ԱՄՆ-ի բոլոր՝ 100-ից ավելի ռազմակայանները, որոնք տեղակայված են Իրանի սահմանների պարագծի երկայնքով: Եվ ահա հունվարի 15-ին, պարոն Թրյուդոն, որը, չի բացառվում՝ կարող էր ավելի վաղ հասկանալ, որ ողբերգության գլխավոր մեղավորը հենց Վաշինգտոնն էր, ի վերջո, արդեն ուղղակիորեն մեղադրել է ԱՄՆ-ին՝ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ: Եվ հասկանալի է, թե ինչու. օդանավում եղել են Կանադայի 63 քաղաքացի: Ըստ երևույթին, նրանց հարազատները գերադասում էին ուղղակիորեն խոսել իրենց կառավարության հետ, ոչ թե զրպարտել Իրանին…

Սակայն մենք չենք բացառում, որ վարչապետ Ջասթին Թրյուդոյի տեսակետի փոփոխության վրա նույնպես ազդել է այն փաստը, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Ալի Աբդալլահին, ինչպես հայտնում է Fars News գործակալությունը, հայտարարել է, որ հետաքննության առաջին օրերի արդյունքներով Իրանը չի բացառում որ ուկրաինական միջազգային ավիաուղիների «Boeing-737»- ը խոցած իրանական ՀՕՊ ուժերի սխալի պատճառը կարող էին լինել արտաքին ազդեցությունները: «Մենք ուսումնասիրում ենք մեր հակաօդային պաշտպանության համակարգի վրա հնարավոր արտաքին ազդեցության վարկածը: Հետաքննությունը շարունակվում է, և անհրաժեշտ է սպասել հետաքննության վերջնական եզրակացություններին», – նշել է իրանցի զինվորականը: Միևնույն ժամանակ, Աբդալլահին նշել է, որ զինված ուժերի մասնագետները նաև վերլուծում են Թեհրանի մերձակայքում ԻՀՊԿ օբյեկտի մոտ ուկրաինական ինքնաթիռի թռիչքի պահին էլեկտրոնային միջամտություն օգտագործելու ԱՄՆ-ի հավանականությունը: «Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի էլեկտրոնային միջամտությունը ինքնաթիռի վթարի կապակցությամբ՝ քիչ հավանական է: Համապատասխան քննության համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության ոլորտում մասնագետների խումբ»,- հայտնել է իրանցի գեներալը: Սակայն, ախր, ոչ քիչ հավանական են Ադրբեջանի տարածքում Իսրայելի կողմից էլեկտրոնային միջամտությունները: Այսպիսով, ուկրաինական ինքնաթիռի պատմությունը դեռ շատ նրբություններ կբացահայտի համաշխարհային հանրությանը:

Սերգեյ Շաքարյանց