Ռուսաստանում «չեղարկել են պետական հեղաշրջումը». մնալու է ուժեղ նախագահական պետությունը

Ժամանակակից աշխարհի մեծ տերություններից մեկի` Ռուսաստանի համար, 2020 թվականի հունվարի 15-ը կարող է շատ կարևոր դառնալ: Համապատասխանաբար, այն կարևոր կդառնա նաև Ռուսաստանի հիմնական քաղաքական և ռազմական գործընկերների համար: Մեր կարծիքով, տեղին է հաշվի առնել, որ մեր Հայաստանը նույնպես շարունակում է մնալ Մոսկվայի քաղաքական և ռազմական գործընկերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ օրը ուղերձ է հղել երկրի խորհրդարանին՝ Դաշնային ժողովին։

Ռուսաստանի Դաշնությունում իսկապես նոր ժամանակ է սկսվում. ամբողջ կառավարությունը հրաժարական է տվել: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախագահ Պուտինի Դաշնային ժողովին ուղղված հաղորդագրությունից հետո Ռուսաստանի ամբողջ կառավարությունը հրաժարական է տալիս: Եվ պարզ է, թե ինչու․ Ռուսաստանի ղեկավարը նախաձեռնել է Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ, որոնք կփոխեն կառավարության կարգավիճակը: Օրինակ, նա առաջարկել է ՌԴ Պետդումային իրավունք ստանալ հաստատել Ռուսաստանի վարչապետի, փոխվարչապետների և դաշնային նախարարների թեկնածությունները: Իր հերթին, պետության ղեկավարը կկարողանա նշանակել առաջադրված թեկնածուներին: Այս կապակցությամբ փորձագետ, «Քաղաքացիական համերաշխություն» շարժման նախագահ, «Ասպեկտ» քաղաքական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գեորգի Ֆեոդորովը հայտարարել է. «Ինչպես և ես ասում էի, իշխանությունը փոխանցելու գործընթաց է սկսվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում լինել «կաղ բադ», և այսօր մեկնարկած սահմանադրական գործընթացներն ընթանում են ըստ պլանի: Այն, որ կառավարությունը հրաժարական է տվել, մեր քաղաքական համակարգը վերագործարկելու գործընթացի սկիզբն է»։

2020 թվականի հունվարի 15-ին սկսվել է ոչ միայն «իշխանություն փոխանցում», ինչի հետ համաձայնել են ռուսաստանյան փորձագետների մեծամասնությունը, և ոչ միայն «Հաջորդողը» ներքաղաքական գործողության նախապատրաստությունները: Բանն այն է, որ մենք ուշադրություն ենք դարձրել Պուտինի ոչ միանշանակ արտահայտության վրա. «Մեդվեդևի կառավարությանը ամեն ինչ չէ, որ հաջողվել է, բայց ամեն ինչ երբեք լիարժեք չի ստացվում»: Այս խոսքերի վերծանումը ապագա ամիսների խնդիր է, մանավանդ, որ Ռուսաստանի խորհրդարանը չի հետաձգել. Սահմանադրությունը փոփոխելու ուղղությամբ աշխատանքային խմբերի ձևավորումն արդեն սկսվել է: Մենք հրավիրում ենք Հայաստանի քաղաքացիներին ուշադրություն դարձնել Ռուսաստանի նախագահի՝ երկրի ապագայի վերաբերյալ առավել հիմնարար որոշումներին: Նախ, Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ խորհրդարանական հանրապետության ձևաչափով, այլ միայն ուժեղ նախագահական հանրապետության ձևով. «Մեր երկիրը իր հսկայական տարածքով, ազգա-տարածքային բարդ կառուցվածքով չի կարող կայուն գոյություն ունենալ խորհրդարանական հանրապետության տեսքով: Միայն ուժեղ նախագահական հանրապետության տեսքով»: Ցավալի է, որ մեր երկրում Սերժ Սարգսյանն ու հանրապետականները անտեսեցին այս բավականին տրամաբանական պնդումը․ մեր կարծիքով, այն իրավաչափ է նաև Հայաստանի համար… Նախագահին պետք է մնա հիմնական գերակայություններն ու խնդիրները որոշելու, վարչապետին, նրա տեղակալներին և նախարարներին պաշտոնին անհամապատասխանության կամ վստահության կորստի պատճառով աշխատանքից հեռացնելու հնարավորությունը: Նախագահը պետք է իրականացնի երկրի զինված ուժերի և իրավապահ համակարգի անմիջական ղեկավարությունը, վստահ է Պուտինը: Վերջ, այսպես ասած, «կինո չի լինելու», Ռուսաստանում ոչ մեկին չի հաջողվի պետական հեղաշրջում իրականացնել:

Երկրորդ․ նշվել է, որ իշխանության ճյուղերի միջև ավելի մեծ հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, ըստ որի՝ նախագահը կարող է իրավապահ մարմինների ղեկավարներին նշանակել միայն Դաշնության խորհրդի՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի, հետ խորհրդակցելուց հետո: Բացի դրանից, Պուտինն անհրաժեշտ է համարում ՌԴ Սահմանադրական դատարանին լիազորել նախագահի հարցմամբ ստուգել նորմատիվ ակտերի օրինականությունը՝ նախքան պետության ղեկավարի կողմից դրանք ստորագրելը. «Ընդ որում, ոչ միայն օրենքների, այլև պետական ​​և տարածաշրջանային մակարդակների այլ նորմատիվ ակտերի»: Երրորդ, միանգամայն նկատելի է, որ Ռուսաստանի նախագահի Դաշնային ժողովին ուղղված ուղերձում կարևորությամբ երկրորդը ժողովրդագրական մասն էր՝ սոցիալական կարևորագույն բաղադրիչով: Փորձագետները Պուտինի խոսքերի մեջ հստակ նկատել են պաշտոնյաների առջև դրված հստակ խնդիր՝ չնայած «մեղմ ձևակերպված». վերադառնալ այն ժամանակներին, երբ «և տնտեսությունն էր աճում, և եկամուտները»: Զարմանալի է, բայց արդեն պաշտոնաթող լինելով՝ ֆինանսների նախարարը և 1-ին փոխվարչապետ Անտոն Սիլուանով, արդեն միջոցներ է գտել Պուտինի ուղերձը կյանքի կոչելու համար: Ահա, ինչ է նշանակում, թե վախը ուժեղ գործոն է… Եվս մեկ բան. «ոչ մի կիսատոներ», – ասվում է Հաղորդագրության մեջ: Պուտինը պաշտոնյաների համար փակել է ճանապարհը դեպի Արևմուտք. «Իշխանության նպատակը Ռուսաստանին և ռուս ժողովրդին ծառայելն է»: Բա ․..

«Սպանել ցարին» Ռուսաստանում այս անգամ էլ չի հաջողվել: «Հեղափոխությունը» չեղյալ է հայտարարվում, այսպես ասած: Իհարկե, ոչ ոք ի վիճակի չէ կանխատեսել, թե ինչ է լինելու փետրվարին և այս տարվա հաջորդ ամիսներին: Ռուսաստանի գործընկեր երկրները, այնուամենայնիվ, պարտավոր են հաշվի առնել այն փաստը, որ Մոսկվան պատրաստվում է միջազգային ասպարեզում լուրջ գործերի, և, հետևաբար, ձգտում է արագորեն «ամրապնդել իր թիկունքը», հատկապես ներքին քաղաքականության և սոցիալական ոլորտում:

Սերգեյ Շաքարյանց