Մամուլի դեմ մեկ տարի առաջ սկսված արշավը մտնում է նոր փուլ

Փակել լրատվամիջոցների բերանը՝ կնշանակի հասարակությանը պահել «թավիշի» լուրերի տակ

Հռոմի կայսրերը ժողովրդին լռեցնելու, իրենց իշխանությունը ժողովրդական հուզումներից զերծ պահելու համար, նրանց ապահովում էին հացով և տեսարաններով: Ու այդ նպատակով գլադիատորական մարտեր էին կազմակերպում, մարտից առաջ էլ առատաձեռն կայսեր անունից հաց էին շպրտում հանդիսատեսի ուղղությամբ: Հռոմեական կայսրերի այդ քաղաքականությունը պատմության մեջ այդ անունով է հիշատակվում է՝ «հաց և տեսարանների» քաղաքականություն:

Հայաստանի ներկայիս իշխանության գործելաոճում հիշյալ սկզբունքի կիրառումը, մանավանդ տեսարանների պահով, ծանրակշիռ տեղ ունի: Իսկ դրանում առանձնահատուկ հմտություն է ցուցաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչում համոզվեցինք անցած մոտ երկու տարում:

Գրեթե ամեն օր մի նոր տեսարանի ականատես ենք դառնում: Հետևելով գործադիրի նիստերին համոզվում ես՝ վարչապետը ջանք չի խնայում հանդիսատեսին հերթական «գլադիատորական մարտը» մատուցելու. կառավարության նիստերը շոուների վերածելը շատ թանկ հաճույք է Հայաստանի նման երկրի համար, որն ունի հսկայական անելիքներ՝ տնտեսական, սոցիալական և անվտանգության հարցերում:

Իրականությունից մղոններով հեռացած վարչապետ Փաշինյանը չի էլ ուզում նկատել, որ ժողովրդի գիտակից հատվածը վաղուց մերժել է իր շոուները, հոգնել անիմաստ տեսարաններից: Մինչդեռ երեկ կառավարության նիստի ժամանակ հերթական տեսարանը մատուցվեց. այս անգամ թիրախում լրատվամիջոցներն էին:

Վարչապետն իրեն բնորոշ ոճով անհասցե որակումներ ուղղեց հեռուստաընկերություններին, նրանց «կոռուպցիոներներ» անվանելով. «Այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող կոռուպցիոներների հեռուստաընկերություններ, առնվազն երկու հեռուստաընկերությունների լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ՝ կոռուպցիագրուպ ընկերությունը ներկայացնում է լուրերի թողարկումը ՀՀ-ում»: Նման հայտարարությունից հետո Փաշինյանը նաև հանրայնացրեց իր մտադրությունը՝ լրատվամիջոցների սեփականատերերին բացահայտելու մեխանիզմների ներդրման մասին, ինչը ներկայացվեց՝ թափանցիկությանն ուղղված քայլ:

Բնականաբար, շատ կարևոր է աշխատանքի թափանցիկությունը, և այդ պահանջը պետք է տարածվի բոլոր ոլորտների վրա, այդ թվում կառավարության ու նրա ղեկավարի գործունեության: Սակայն լրատվամիջոցների սեփականատերերի բացահայտման մասին Փաշինյանի հրահանգում մեկ այլ միտում է նկատվում. վարչապետի մեկ ու կես տարվա քաղաքականությունը մեզ հուշում է, որ նպատակը ոչ թե թափանցիկության ապահովումն է, այլ ոչ յուրային ԶԼՄ-ների թիրախավորումը:

Ի սկզբանե իշխանությունը, ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտը բաժանեց յուրայինների և ոչ յուրայինների: Անգամ ժողովրդին փորձեցին ուղղորդել, թե ո՞ր մամուլը կարդալ, ո՞րը՝ ոչ, ո՞ր հեռուստաընկերության հաղորդումները դիտել, որը՝ ոչ, որի՞ն հարցազրույց տալ, տեղեկատվություն տրամադրել, որին՝ ոչ։ Այսպես տարանջատեցին ու սլաքներն ուղղեցին ոչ յուրային համարվածների ուղղությամբ:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, անկախ այն բանից, թե ո՞ր ոլորտում է այն դրսևորվում, պետք է բացահայտվի, կոռուպցիոներներն, անկախ նրանից՝ ինչ մասնագիտության տեր մարդիկ են, պետք է պատասխան տան: Բայց արդյո՞ք վարչապետի նպատակը դա է: Անհասցե հայտարարությունն արդյո՞ք շանտաժ չէր՝ ուղղված մամուլին:

Լինելով նախկին լրագրող, Փաշինյանը պետք է, որ լավ իմանա՝ գործ ունի մի ոլորտի հետ, որին ուղղված իշխանության քայլերը պետք է լինեն խիստ զգուշավոր, հակառակ դեպում դրանք կդիտվեն ազատ խոսքի դեմ ուղղված իշխանության պայքար: Եվ Փաշինյանի հայտարարությունն ընկալվեց հենց այդպես՝ վարչապետը բացահայտորեն ձեռնոց նետեց լրատվամիջոցներին:

Ի՞նչ է ստացվում. ազատ խոսքի դեմ պայքարի է ելել ժողովրդավարությունը Հայաստանի համար կարևոր ձեռքբերում համարող քաղաքական գործի՞չը: Հետաքրքիր է՝ Փաշինյանը մտահոգ չէ՞, որ դրանով փուչիկի պես կպայթի իր իսկ ժողովրդավարական կերպարը, հօդս կցնդի «ժողովրդավարության բաստիոն» հեքիաթը (հիշում եք չէ՞, մեկ ու կես տարի շարունակ թմբկահարում են, թե այս կառավարության գլխավոր ձեռքբերումը «ժողովրդավարությունն է», Հայաստանն էլ «ժողովրդավարության բաստիոն» է):

Ոչ պակաս տարօրինակ էր վարչապետի դժգոհությունը, թե «լրատվական պատերազմ է տարվում կառավարության դեմ»: Ստացվում, եթե որևէ լրատվամիջոցի հրապարակած լուրն իր սրտով չէ, ուրեմն՝ իր դեմ է: Այս իշխանությունը ցանկացած քննադատական խոսք ցավով է ընդունում, ու փաստորեն, լուծումը գտել են՝ փակել անցանկալիների բերանը: Որպեսզի հասարակությունը շարունակի ապրել «թավիշի» լուրերի տակ, ու այդպես անտեղյակ լինելով, թե որքա՞ն գումար ծախսվեց վարչապետի բնակարանի վերանորոգման համար, որքա՞ն արժեր հատուկ նրա համար գնված ինքնաթիռը, պետբյուջեի հաշվին ի՜նչ աստղաբաշխական գումարների հասնող պարգևատրումներ ստացան նախարարներն ու պատգամավորները՝ իրենց օգնականներով հանդերձ և այլն, և այլն:

Լռեցնել ազատ խոսքը, ճնշել մամուլը, ինքնին նշանակում է թաքցնել կոռուպցիան:

Ստիպված ենք նախկին լրագրողին հիշեցնել, որ լրատվամիջոցները կատարում են իրենց գործը, և՛ պետք է քննադատեն, և՛ պետք է բացահայտեն, և՛ տեսանելի դարձնեն անտեսանելին: Իսկ իրականությունից կտրված, գունավոր ակնոցների հետևից ներկայացվող լուրերն ու դրանց արանքում իշխանությանն ուղղված քծնանքը վտանգավոր է հե՛նց նույն իշխանության համար: Սա էր, չէ՞, տարիներ շարունակ քննադատում նախկին լրագրող-խմբագիր, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, պետք չէ գնալ նախկինների ճանապարհով…

Այսպիսով, 2020 թվականը մեկնարկեց մամուլի համար խիստ վտանգավոր ազդակով: Սկսվում են դժվար ժամանակներ: Եվ մամուլի դեմ մեկ տարի առաջ սկսված արշավը մտնում է նոր փուլ: Իշխանության ախորժակը հնարավոր է զսպել միմիայն լրատվամիջոցների, ժողովրդի մտածող հատվածի միասնականությամբ։

Արմինե Սիմոնյան