Արդյո՞ք «ստորգետնյա» Երևանն այն արժեքն ունի, որ առաջնահերթ պետք է այն պահպանել ու հանրահռչակել, դրանո՞վ ենք զարմացնելու զբոսաշրջիկին

Վերջին ժամանակաշրջանում կառավարության մակարդակով քննարկվում է Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը զբոսաշրջության զարգացման նպատակով բացելու և ցուցադրելու համար լուծումներ գտնելու գաղափարը։ Դրան ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է երկրի ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկսվեն այս տարի: Վարչապետը համոզված է՝ եթե նախագիծը կյանքի կոչվի, այն նաև կնպաստի քաղաքի զբոսաշրջության զարգացմանը․ աշխարհում երկհարկանի հրապարակի գոյությունը բացառիկ է և արտառոց։ Առավել ևս, եթե այդ հարկերից մեկը պատմության նմուշ է, թանգարան։ Մայրաքաղաքի ստորգետնյա հատվածը բացելու հնարավորությանն անդրադարձել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ: Արդեն իսկ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով տարբեր մասնագետներից կազմված հատուկ հանձնախումբ է ձևավորվել գաղափարը քննարկելու և գնահատելու, դրական եզրակացության դեպքում այն կյանքի կոչելու համար յուրօրինակ լուծումներ առաջարկելու նպատակով։ Հանձնախումբը դեռ չի սկսել աշխատանքները, բայց մասնագետներն ու «ստորգետնյա» Երևանի  պատմության հետ առնչություն ունեցող անձինք արդեն իրենց կարծիքներն ու տեսակետներն են բարձրաձայնում՝ ի վերջո արժե՞ ռեսուրսներ ծախսել այդ շերտը որպես մայրաքաղաքի թանգարանային նմուշ ցուցադրելու համար, թե ծախսած միջոցներն ապարդյուն կլինեն, սպասելիքները՝ չարդարացված։ Ի՞նչ է պահ տված Երևանի գլխավոր հրապարակի տակ, արժեքավո՞ր են արդյոք այնտեղ գտնվող կառույցները՝ որպես պատմության, ճարտարապետության ցուցանմուշ, ի՞նչ լեգենդով է պարուրված պատմական այդ շերտը և որքանո՞վ դրա ցուցադրումը պատվաբեր կլինի մայրաքաղաքի համար, կզարմացնի՞, կապշեցնի՞, կհմայի՞ զբոսաշրջիկներին․․․ Սրանք հարցեր են, որոնց պատասխանելու համար, ըստ մասնագետների, նախ պետք է ուսումնասիրել մայրաքաղաքի տակ գտնող մեզ անհայտ Երևանը, պեղումներ կատարել և ի հայտ բերել այդ կառույցների հետ կապված պատմական իրողությունները։

Հանրապետության հրապարակի ստորգետնյա հատվածում ավազի շերտերով պատված քաղաքի, ավելի ճիշտ՝ թաղամասի մասին առաջին անգամ սկսեցին խոսել դեռ 17 տարի առաջ։ 2003 թվականին, երբ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր մայրաքաղաքի գլխավոր հրապարակը, շինարարները բարձրաձայնեցին հրապարակի տակ գտնվող ստորգետնյա քաղաքի, կառույցների և այլ իրերի գոյության մասին։ Ամեն դեպքում երևանցիները դրա մասին որևէ գաղափար չունեին, և գետնի տակ հին թաղամասի գոյությունը իրենց համար գտածո էր, բացահայտում։ Իսկ մասնագիտական շրջանակներում ստորգետնյա քաղաքի մասին գիտեին։ Ավելին, այդ քաղաքի որոշ հատվածներ այժմ էլ օգտագործվում են տեխնիկական և պահուստային նպատակներով։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ հրապարակի երգող շատրվանները կառավարող տեխնիկան տեղադրված է այդ ստորգետնյա նկուղներից մեկում։ Իսկ պատմության պետական թանգարանի ֆոնդասրահներից մի քանիսը տեղակայված է այդ կառույցներում։

Իսկ հանրությունը ստորգետնյա Երևանի գոյության մասին միայն 2000-ականների սկզբին իմացավ, զարմացավ, հիացավ, մտահոգվեց, իսկ հետո թեման այլևս չշրջանառվեց, բացված շերտը փակեցին, և հրապարակը վերադարձավ իր բնականոն կյանքին։ Բարեկարգման և շինարարական աշխատանքների ժամանակ  հրապարակի ասֆալտապատ վերին շերտը հեռացնելիս հայտնաբերվել էին քարե պատերի մնացորդներ, սև և կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորներ։ Հնագետները փաստեցին՝ այդ տարածքում 17-րդ դարի շինություններ են։ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը՝ հնագետներ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի հետ կարճատև, հպանցիկ ուսումնասիրությունների արդյունքում հասցրեցին գնահատել, որ հայտնաբերվածը արժեքավոր է՝ պատմության, շինարարության, ճարտարապետության տեսանկյունից։ Հայտնաբերված կառույցները, նրանց գնահատմամբ, շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են, մի ժամանակահատվածի, որը չի ուսումնասիրվել։

Դեռ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թվականին այցելելով Հայաստան՝ մասնավորապես Երևան՝ գծագրել է Երևանի համայնապատկերը, որում նաև այդ շինություններն են ներառված, և դրանք այժմ գոյություն ունեն։ Դրանք երկհարկ և եռահարկ կառույցներ են՝ որոնք նաև գետնահարկ մաս են ունեցել։ Նրա գծագրում մանրամասնորեն պատկերված է երկհարկ և եռահարկ քարե շենքերով երևանյան թաղամասը։ Ի դեպ, հնագետների հավաստմամբ՝ այսօր էլ նմանատիպ շինություններ կարելի է տեսնալ Կոնդ թաղամասում կանգուն աղյուսաշեն կառույցների շարքում։

Իսկ ի՞նչ ճակատագրի են արժանացել պահպանված նկուղների վերևի հարկերը, ինչո՞ւ է հին Երևանից մեզ միայն դրանց գետնահարկ մասերը ժառանգվել։ Պատմական աղբյուրների համաձայն՝ 1679 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել են նաև մայրաքաղաքի կենտրոական թաղամասի շինությունները։ Զաքարիա սարկագավագի հիշատակություների համաձայն՝ երկրաշարժը քարը քարին չի թողել։ Երևանի՝ Հանրապետության հրապարակի այդ հատվածում կառուցված թաղամասի շենքերից որպես հիշատակ մնացել են միայն լուսանկարներ, գծագրեր և դրանց գետնահարկ նկուղները։ Ի դեպ, մասնագետների հավաստմամբ՝ այդ նկուղները տարածված են հրապարակի ողջ ստորգետնյա հատվածով՝ 4,5 մ խորությամբ։ Այսինքն՝ նկուղների պատերի բարձրությունը 4,5 մետր է։ Կառույցները պահպանվել են ամբողջությամբ՝ իրենց մուտքերով, սենյակներով։ Հայտնաբերվել են նաև գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ, ինչպես նաև Ապիրատ իշխանի՝ 11-րդ դարում կառուցած կավե ջրատար խողովակների հատվածներ։ Այդ խողովակները ծառայել են մինչև 19-րդ դարը և ջուր են մատակարարել կենտրոնի բնակիչներին։ Հնագետներն ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են, որ նկուղների պատերը ոչ թե աղյուսից են, ինչպես որ թվացել էր առաջին հայացքից, այլ տուֆի հավասարաչափ կտրված սալիկներից։ Այնինչ  պատմական աղբյուրների համաձայն՝ մինչթամանյանական Երևանը գյուղատիպ քաղաք եղել՝ այգիներով շրջապատված և կավե տներով։ Այդ առումով գուցե հրապարակի ստորգետնյա քաղաքը հին Երևանի նոր նկարագի՞րը բացահայտի։ Մասնագետները փառք են տալիս այն իշխանություներին, որոնք հոգածությամբ ոչ թե ավեերել են 17-րդ դարի կառույցները, այլ դրանք պահպանել ու փոխանցել են մեզ։

Երբ ցարական ժամանակաշրջանում 1856 թվականին հաստատվում է Երևան քաղաքի առաջին հատակագիծը, կենտրոնական հրապարակը վերափոխվում է, կառուցվում են առաջին ուղիղ փողոցներն ու պողոտաները՝ Արամի, Մաշտոցի, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները, որոնք ճառագայթի պես սկիզբ են առնում գլխավոր հրապարակից։ Շինարարության ժամանակ երբեմնի շենքերի նկուղային կառույցները մնում են հրապարակի և այդ փողոցների տակ։ Ի դեպ, այն ժամանակ ևս Երևանի հին շերտը պահպանելու համար մասնագետներն ու հնագետները հորդորել են պահպանել 17-րդ դարի շինությունները, կառույցները, բայց նոր Երևանը հաղթեց, և Հանրապետության հրապարակը քողարկեց երբեմնի հին թաղամասի պահպանված մասը։ Բայց ի տարբերություն մեր օրերի՝ ստորգետնյա Երևանը չոչնչացվեց, այլ փակվեց ավազով և այլ նյութերով, հավանաբար ժամանակի իշխանությունները խնդրի լուծումը ժառանգեցին եկող սերունդներին՝ հույսով, որ նրանք ավելի հոգատար ու խելամիտ լուծում կգտնեն երևանյան հին շերտը ճիշտ ցուցադրելու և գուցե նաև դրան կիրառական նշանակություն տալու համար։

Բայց մեր կառավարությունը մտադիր է ստանձնել հին գետնահարկ Երևանին տեր լինելու պատասխանատվությունը։ Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի համար որքան էլ այդ գաղափարը ողջունելի է, նա մտահոգություն ունի՝ կկարողանա՞ն արդյոք հնագիտական շերտի ցուցադրման ճիշտ լուծումներ գտնել, արդյո՞ք այն պահպանելու վախերն ավելի չեն վնասի։

«Գաղափարը ողջունելով հանդերձ՝ պետք է հորդորեմ, որ հուշարձաններին ավելի զգույշ վերաբերվեն, ավելի մտածված քայլեր անեն։ Հուշարձանը մեր պատմության մի մասն է։ Մենք Մատենադարան ունենք, որտեղ աչքի լույսի պես պահպանում ենք մատենագրքերը, այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվի նաև հուշարձաններին։ Եթե Մատենադարանում պահում ենք մեծաթիվ գրականություն, մագաղաթներ, մեր ազգի անցյալը, նույնությամբ պետք է վարվենք նաև հուշարձանների հետ, որոնք այդ նույն պատմության իրեղեն ապացույցներն ու վկաներն են։ Բայց ի տարբերություն մատյանների՝ հուշարձանների հանդեպ մոտեցումն այդպիսին չէ։ Մեզանում հուշարձանները պահպանող, ուսումնասիրող գիտական հիմնարկություն, կառույց չկա, դրա համար էլ մենք չենք գնահատում մեր արժեքները։ Իսկ եթե խորությամբ ուսումնասիրված չեն, մենք չենք կարող դրանք ճիշտ մատուցել հանրությանը և զբոսաշրջիկներին»,- ասում է ճարտարապետը։

Ըստ նրա՝ Հանրապետության հրապարակի տակ գնվող շերտը այդ պատճառով լրջորեն ուսումնասիրված չէ, մինչդեռ առանց ուսումնասիրելու և դրա իրական արժեքը հասկանալու՝ մենք հայտարարում ենք, որ այն թանգարան պետք է դառնա։ Հրաչիկ Պողոսյանի համոզմամբ՝ նախ ուսումնասիրություններ պետք է կատարվեն, պատմական շերտին պետք է գնահատական տրվի, որից հետո միայն կարելի է խոսել այն հանրահռչակելու մասին և համապատասխան ճանապարհներ, հնարավորություններ փնտրել դրա համար։

Բացի դրանից, ճարտարապետի կարծիքով իշխանությունները մեր հուշարձանների նկատմամբ պետք է համակարգված մոտեցում ցուցաբերեն, ոչ թե առանձին հուշարձանների ուշադրության կենտրոնում առնելով՝ մոռացության մատնել մյուսները։

«Այսօր մեր հուշարձանների հետ կապված ողբալի վիճակ է, բազմաթիվ հուշարձաններ ունենք, որոնք ավերվում են, կիսավեր են։ Օրինակ՝ Ավանի Կաթողիկե տաճարը, որը հիշատակվում է նաև Սբ Հովհաննաշեն, Սբ Աստվածածին, Ծիրանավոր անուններով։ Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում՝ կիսավեր վիճակում և այսօր աղբավայրի է վերածվել։ Մինչդեռ այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Ըստ Ճարտարապետներ Թորոս Թորամանյանի և Կ. Ղաֆադարյանի ուսումնասիրությունների՝ տաճարը կառուցվել է VI դարում և բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի Տաճարից և կաթողիկոսական պալատից։ Շրջակայքում պահպանվել են 5-6-րդ դարերի կոթողներ ու 13-17-րդ դարերի արձանագիր խաչքարեր, միջնադարյան գերեզմանոցի հետքեր։ Այն մեր ճարտարապետական լավագույն գանձերից է, բայց թողնում ենք, որ ոչնչանա։ Նույն վիճակում է Պտղնիի տաճարը, որը կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին։ Շատ ավելի ժամանակակից կառույցներ էլ ունենք, որոնց գոյությունը վտանգված է, բայց դրանք չեն կարևորվում՝ «Ռոսիա» կինոթատրոնը, «Հրազդան» մարզադաշտը, որն այսօր ուրվականի է վերածվել, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը և այլն։ Մի անգամ վարչապետն անդրադառնում է որևէ հուշարձանի, կամ ինչ-որ մեկն իրեն միգուցե հուշում է դրա մասին, և դա դառնում է գործողության ծրագիր։ Բայց մոտեցումը պետք է լինի ճիշտ այնպես, ինչպես մեր մատենագրությանը, կերպարվեստին, չի կարելի հապճեպ, ոտքի վրա մոտեցումներ ընդունել և ասել, թե Հրապարակի այսքան մասը բացենք, փակենք ապակիով և այլն։ Դա լուրջ վերաբերմունք չէ»։

Խոսելով հայտնաբերված պատմական շերտի մասին՝ Հրաչ Պողոսյանը պարզաբանեց, որ այն, ինչ պահպանվել է, Հանրապետության հրապարակի տարածքում երբեմնի կառուցված տների նկուղներն են։ Իսկ այն ժամանակ, երբ դրանք կառուցվել են,  Երևանը գավառական փոշոտ քաղաք է եղել՝ 20 հազար բնակչությամբ։ Տները մեկ-մեկուկես հարկանի էին և հիմնականում կավաշեն։ Միայն հատուկենտ սև քարից ավելի բարձրահարկ տներ են կառուցվել, այն էլ մեծահարուստների նախաձեռնությամբ և նրանց համար։ Միայն Շահումյան հրապարակում 10-20 սև քարից շենքեր էին կառուցվել, որոնք առևտրական խանութներ էին։ Այդ շենքերը իսկապես արժեքավոր էին նախ իրենց ճարտարապետությամբ, իսկ հետո նաև պատմությամբ, դրանց զգալի մասը հայտնի գործիչների է պատկանել։ Այդ շենքների մի մասը վերջին տարիներին հողին հավասարեցվեցին, իսկ հիմա ոչ այնքան արժեքավոր կառույցներ ենք ուզում պահպանել որպես Հին Երևան։

«Մենք չենք կարող Հին Երևան պահպանել, քանի որ չենք ունեցել այնպիսի քաղաք, ինչպիսին Թիֆլիսն է եղել, Բաքուն, Տալինը։ Ինչ էլ որ ունեցել ենք ու դեռ ունենք, չենք պահպանում, ու հիմա մտածում ենք Հին Երևան սարքել, այսինքն հինը նոր ենք ուզում կառուցել։ Մինչդեռ դեռևս մնացած հինը մեր աչքի առաջ փլուզվում ու աղավաղվում է։ Օպերայի շենքի դիմաց կա շատ գեղեցիկ տուն, որը ժամանակին կառուցվել է նկարիչների համար, և այսօր էլ կոչվում է նկարիչների տուն։ Այդտեղ նաև Էդուարդ Իսաբեկյանն է ապրել։ Շենքն այլանդակվել է կցակառույցներով, աններդաշնակ ձեղնահարկերով։ Ինչո՞ւ դա չենք պահպանոմ, մտածում ենք հրապարակի ստորգետնյա տարածքի մասին՝  տուրիստների համար գրավչություն ստեղծելու փորձեր անելով։ Նախևառաջ մենք պետք  է մեզ համար հարմարավետ, գեղեցիկ, արժեքավոր քաղաք ստեղծենք ու պահպանենք, հարստացնենք, հետո զբոսաշրջիկները կգան կնայեն՝ իրենց գործն է»,- մտահոգվեց ճարտարապետը։

Թագուհի Ասլանյան