Կառավարությունից հաստատել են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

«Հրապարակ» թերթն այսօր տեղեկություն էր տարածել, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Թերթը մասնավորապես գրել էր. «Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»:

168.am–ի տեղեկացմամբ, Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հաստատել է տեղեկությունը, սակայն մանրամասներ չի փոխանցել.

«Հաստատում ենք, որ նամակ ստացվել է Նաիրի Հունանյանից, բովանդակության մասին ոչինչ չենք կարող ասել՝ կոնֆիդենցիալ է»,- ասել է Ա. Խաչատրյանը նշելով, որ չգիտի՝ վարչապետն կարձագանքի՞ նամակին, թե ոչ: