Երբևէ ապրե՞լ եք մի երկրում, որտեղ ազգի 95%-ն իրեն վարչապետ է հռչակում, եթե ոչ, եկե՛ք Հայաստան

Հունվարի 12-ին վարչապետ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» գրում է․ ««Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետեւյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո»:

Այդ «բումը» չվրիպեց վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի աչքից, ով օրերս  իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որտեղ «բացահայտում էր» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «իրական դեմքն ու մտադրությունները»։ Չնայած գրեթե տարեկիցներ ենք, սակայն, հոդվածի մեջ Մարիամ չեմ գրի, այլ Մարիամ Փաշինյան։

Ֆեյսբուքյան հրապարակումը մտավ շաբաթվա թոփ լուրերի մեջ, ոմանք քննադատեցին վարչապետի դստեր քայլը և հորդորեցին «չմտնել մեծերի անհասկանալի խաղերի մեջ», մի մասն էլ՝ ողջունեցին, համարելով, որ վարչապետի դուստրը համարժեք պատասխան է տալիս ԱԱԾ նախկին տնօրենին Փաշինյան ընտանիքի դեմ «մեդիա արշավներ և սուտ լուրեր համակարգելու» համար։ Կարծում եմ՝ վարչապետի դստեր գրառումը պետք չէ սարքել մատի փաթաթան և մի շաբաթ «ռասկռուտկա» անելով՝ քաղաքական դիվիդենտներ շահել, ի վերջո այստեղ խոսքը ընտանիքին է վերաբերում, և այստեղ շատ մութ անկյուններ կան, որը մեզ՝ հասարակությանը, հայտնի չէ, և չգիտենք՝ կդառնա՞, թե ոչ։ Արթուր Վանեցյանը պատասխան հրապարակման մեջ գրել է․ «Հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով՝ փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար»: Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենը հրաժարականից հետո hraparak.am-ին տված հարցազրույցում ասել էր․«Իմ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը  դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։»

Ըստ էության Արթուր Վանեցյանի նման հայտարարությունները կասկած են հարուցում՝ ի՞նչ հետևանքների մասին է խոսքը գնում, ինչի՞ մեջ է ներքաշված Նիկոլ Փաշինյանը, որը բացահայտվելու դեպքում հետևանքներն անխուսափելի են, ինչո՞ւ է Արթուր Վանեցյանը առ այսօր լռում, միգուցե նա էլ է՞ ներքաշված որոշակի «մութ գործերի մեջ», որի բացահայտումը նրա քաղաքական իմիջին կվնասի։ Կամ եթե կատարվել են «ինչ-ինչ սև գործեր», ինչո՞ւ Արթուր Վանեցյանը դրա մասին բարձրաձայնեց այդ «սև գործերն» իրականացնելուց և հրաժարականից հետո։ Կստանա՞նք այս հարցերի պատասխանը։

«Հայկական ժամանակ»-ի կողմից փաստերի հրապարակումից հետո պարզ կդառնա իրականությունը, քանզի լուրջ «մեղադրանք է առաջադրվել», հա, չմոռանամ ասել, մեծերին միայն անունով չեն դիմում, գոնե ձյաձյա։

Հ․Գ․ Քաղաքական հարցերով թող զբաղվեն իսկական քաղաքական գործիչները, ոչ թե «ինքնահռչակները»։

Լուսինե Այրապետյան