Դեռևս վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել. ԱԳ նախարար

Սովորական բնույթ կրող հանդիպումներ են, այս անգամ հանդիպման ինձ կանչել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը ես ուրախությամբ ընդունել եմ, մեր քննարկման թեմաները բավականին լայն են, և դրանք բոլորը վերաբերում են մեկ բանի՝ Հայաստանի ազգային անվտանգության հարցերին արտաքին ոլորտի մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպմանը:

Անդրադառնալով Իրանի և Մերձավոր Արևելքի զարգացումներին՝ Մնացականյանն ասաց, որ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է: «Բնականաբար, մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեր հարևան տարածաշրջանում: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ,  և դա մեր տարածաշրջանի և մեր երկրի անվտանգության վրա կարող է ազդել, ուստի մեր Ազգային անվտանգության համակարգը համախմբված աշխատում է, որ մենք պատրաստ լինենք: Բացի դրանից, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր դիվանգիտական կազմն է աշխատում բոլոր ուղղություններով»,- ասաց նա։

Արտգործնախարարը նաև հույս հայտնեց, որ այս հարցը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով, հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել որևէ իրավիճակից, որը կտանի անկայունության:

Հարցին՝ տարեվերջին վարչապետը հայտարարել է, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, զրոյի՞ց ենք սկսելու ամեն ինչ, Մնացականյանը պատասխանեց. «Ո՛չ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել որպես ամենագործուն և ամենաէֆեկտիվ շրջանակ: Բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ ու այդ ամենի մեջ մեզ համար էական ու սկզբունքային է համադրել բազմաթիվ տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն է գտնում այն, որ մեզ համար գերակա է մեր դիրքորոշումը»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում հանդիպում սպասվում է իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև, նա ասաց, որ բանակցային գործընթացը շարունակական է։

«Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը՝ ակտիվորեն ներգրավված ենք բանակցային գործընթացում: Այն օրվանից, երբ նոր կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը, որևէ պահ չի եղել, որ մենք հետաձգենք գործընթացը: Նախարարների հանդիպումներ են եղել բավարար թվով, մարտին վարչապետն է պաշտոնապես հանդիպել Ալիևի հետ, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Մենք նախապես հայտնում ենք հանդիպումների մասին»,- ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին: «Դեռևս վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- շեշտեց նա: