Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ  Գեղարքունիքի մարզպետարանի ու «Արենի Փառատոն Հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ,  2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով: Այս մասին տեղեկացել ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Այդ առիթով Մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրվել է աշխատանքային հանդիպում։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարևորելով միջազգային նշանակության փառատոների կամ միջոցառումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը, և նախորդ տարում արձանագրված ձեռքբերումները, ողջունել է ներկայացված նախաձեռնությունը: «Նախորդ տարում մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ «Ձկան», «Ավելուկի», «Փռի» ու տարբեր փառատոների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մեր մասնակցությունը կբերենք փառատոնին, այլ նաև կցուցաբերենք լայն աջակցություն ու համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում քննարկելով կազմակերպչական զանազան խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնել՝ այս հետաքրիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից ու արդյունավետ դարձնելու համար»,-նշել է մարզպետ Գնել Սանոսյանը: