Երբ մեղադրյալը հարցազրույց է տալիս ու բացատրում, թե որտեղ են ձմեռում խեցգետինները․ վարչապետ

Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը կոնկրետ հեռուստատեսային շուկայի մասին է:

«Այդ շուկայում այսօր կա որոշակի մենաշնորհային դիրք»,- ասաց վարչապետը և նշեց, որ Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների:

«Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»,-ասաց  վարչապետը, ընդգծելով, որ «նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»:

Վարչապետը նշեց, որ այն լրատվական պատերազմը, որ Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ «իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»:

Վարչապետը նաև նշեց, թե հեռուստաալիք կա Հայաստանում, որ երբ միացնում ես, «պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»։

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրեց, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել, վերջինս էլ դրական պատասխան տվեց: