Սիրիական բանակը վերսկսել է ռազմական գործողություններն Իդլիբում

Հինգշաբթի գիշերը սիրիական բանակը վերսկսել է ռազմական գործողությունը երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում՝ զինյալների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով։ «ՌԻԱ Նովսոտիի» տեղեկացմամբ, այս մասին հաղորդել  է Sham FM-ը:

«Բանակային ստորաբաժանումները վերսկսել են ռազմական գործողությունները Իդլիբ նահանգի հարավ-արևելքում ՝ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի պայմանագրի խախտման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բանակն իրականացնում է ռազմական գործողություններ՝ նախապատրաստվելով հարձակվել նշված տարածքում գտնվող զինյալների դիրքերի վրա, հայտնել է ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից սիրիական բանակը ռազմական գործողություն է իրականացրել Իդլիբ նահանգի հարավ-արևելքում։ Դեկտեմբերի 24-ին Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ գործողության ընթացքում 40-ից ավելի գյուղեր ազատագրվել են ահաբեկիչներից և կոչ անելով խաղաղ բնակիչներին՝ լքել գրոհայինների կողմից պահվող բնակավայրերը, ինչի համար բացվել են երեք հումանիտար միջանցքներ: Զինյալները մի քանի անգամ կրակակոծել են այդ միջանցքները: