Եթե վարորդը խախտել է օրենքը՝ տուգանվում է, ինքն արդեն պատժվել է, էլ ինչի՞ եք ուզում էդ մարդուն 6 ամիս զրկել․ բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

2020 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում մեծ իրարանցում առաջացրած ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրումը: Ըստ այդմ, սահմանվում է վարչական տույժի նոր տեսակ, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկումը»:

Այսօր Կառավարության շենքի դիմաց «Իրավունքի սահման» ընկերությունն ու ավտովարորդները բողոքում էին ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։

Վարորդներից մեկը նշեց․ «Էս օրենքներ գրողները, չեմ հասկանում, կաբինետներում նստած իսկի իրանց սեփական ավտոներից տեղյակ չեն»։ Վարորդը նշեց, որ խիստ դեմ է բալային համակարգին։ «Եթե վարորդը խախտել է օրենքը՝ տուգանվում է, վերջ, ինքն արդեն պատժվել է, էլ ինչի՞ եք ուզում էդ մարդուն 6 ամիս զրկել, որ չկարողանա տուգանքն էլ վճարի»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, մեկ տարվա համար ստանում է 9 տուգանային միավոր: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամիս ժամկետով: