«Վերելք»․ Մերժի՛ր հեղափոխությունը, կեցցե՛ պահպանողականությունը, հյուրը՝ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի կարծիքով՝ քաղաքական բանավեճն այսօր մեզանում հիմնականում ծավալվում է այն հարցի շուրջ, թե որքանով էր տեղի ունեցածը հեղափոխություն: Անկախ բանավեճի արդյունքից՝ տեղի ունեցածը հեղափոխություն է, թե՝ ոչ, ենթագիտակցորեն «պարտադրվում է» այն, որ երկրում հեղափոխություն, միևնույն է, անհրաժեշտ էր: Այսպես է ձևավորվում «պողոսավարությանը» սնուցող մտահայեցողական աղետը:

Հեղափոխությունը մտահայեցողական տեսանկյունից բացառում է անցյալը՝ առանց ռացիոնալ հաշվարկի, ռիսկերի գնահատման ու հետևանքների արժևորման, իսկ պահպանողականությունը ոչ թե մերժում է փոփոխությունը, այլ մերժում է կտրուկ շրջադարձը՝ այդ կերպ հնարավորություն թողնելով գնահատելու նախկինում ստեղծված դրականը՝ վերափոխման թիրախ դարձնելով համակարգի անառողջ սեգմենտն ու բացասականը:

Պահպանողականությունը մնայունի, արժեքավորի պատմաքաղաքական գնահատանքի կարևորմանը տուրք տալով՝ նույնքան էլ ապագայատենչ է: Այլ կերպ անհասկանալի կմնա, թե հանուն ինչի՞ է պահպանողականությունը կատարում մնայունի և անցողիկի տարբերակումը, եթե ոչ հանուն ավելի անվտանգ, բարեկեցիկ, կանխատեսելի ու վստահ ապագայի: Պահպանողականությունը մնայունի և արժեքավորի գնահատման, պահպանման ու կատարելագործման գիտակցմամբ բացառում է «հնի ու նորի» պայքարի կեղծ մտավարժանքը: Պահպանողական մտահայեցողությամբ օժտված անհատը նախքան քաղաքական փոփոխություն նախաձեռնելը՝ հակված է հիմնարար ու համակողմանի վերլուծության. «Արժե՞ հապճեպ նախաձեռնել փոփոխություն, եթե կա ձախողելու իրական վտանգ, իսկ ո՞րն է համոզմունքի աղբյուրը, որ այսօրվա վատը չհաշվարկված գործողությունների արդյունքում վաղը չի վերածվելու ավելի վատի»: Եթե համակարգային թերացումներն ակնհայտ են, պահպանողականը հակված է նախ ախտորոշելու, ապա միայն նախաձեռնելու թիրախային բարեփոխում: Նման պարագայում անգամ ձախողումը պակաս ցավոտ է լինում:

Պահպանողականությունը պատմաքաղաքական առումով վերանձնային գնահատական է տալիս երևույթներին՝ ձեռքբերումներին, նվաճումներին, հաղթանակներին և միայն այդ հիմքով գնահատում դրանք կերտողներին: Հենց այս առումով է կարևորվում պահպանողականության վերածումը մարդկային բնույթի կարևորագույն առանձնահատկության, իմաստավորվում պահպանողական ավանդույթի ձևավորման գերկարևորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում