Ասում են՝ իրենց մոտ մահվան դեպքեր չեն եղել․ պատճառը ռիսկային դեպքերի ժամանակ ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխելն է․ Ա․ Թորոսյան

«Հայաստանի ծննդօգնություն ցույց տվող բոլոր բուժհաստատությունները 2018 թվականից ունեցան իրենց, այսպես ասած, անձնագրերը, որոնք վերլուծությունների արդյունքում ստացանք,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Անդրադառնալով մի քանի ծննդատների լուծարման խնդրին, նա ասաց․«Սա թափանցիկ, վաղուց սկսված գործընթաց է, որը շարունակական է լինելու։ Միշտ կարող են լինել կարգերի փոփոխություն, սա մշտական պրոցես է։ Գրեթե բոլոր ծառայությունների մասով այսպես պետք է լինի, պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների և գործեն կամ ոչ՝ ըստ իրենց ունեցած կարգի։ Ըստ մակարդակի՝ կունենանք նաև մանկաբուժական ծառայություններ մատուցող հաստատությունների համար չափորոշիչներ։ Մարալիկ, Աչաջուր, Արտեմի, Քաջարան, Արծվաբերդ, Նաիրի ԲԿ (Եղվարդ), այստեղ կան առողջության կենտրոններ, որոնք գյուղական ամբուլատորիաներ են, պարզապես վերանվանվել են առողջության կենտրոններ»։

Թորոսյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու հենց տարեկան 150 ծնունդ։

«Դա շատ փոքր թիվ է, ամենասկզբից քննարկում էինք 300, սակայն ունենալով վիճակագրություն, շեմն իջեցրինք 150, որ գոնե 2 օրը մեկ լինի ծնունդ։ Մեր ցանկությունը նույն բուժհաստատությունում շատ ծնունդներ ընդունելն է։ Մենք ուզում ենք մանկական և մոր մահացության դեմ լուրջ զբաղվեն, եթե մենք դա ուզում ենք, ապա մեր քաղաքականությունը այս հարցում շատ ճիշտ է։ Եթե սա ընդունելի սկզբունք է, ապա բանակցելու շատ բան չկա, եթե ընդունելի չէ, ուրեմն լուրջ խնդիր ունենք։ Երբ ասում են, որ իրենց մոտ մահերի դեպքեր չեն եղել, պատճառն այն է, որ ռիսկային դեպքերի ժամանակ տեղափոխում են ավելի բարձր մակարդակի ծննդատուն։ Ինչո՞ւ դա անել ռիսկային, հրատապ, երբ կարելի է անել պլանավորած»,-նշեց նախարարը։