2004 թ. հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով՝ 3,2 անգամ ավելի, քան 2020 թ. ցուցանիշն է

Արդեն սովորական են դարձել սոցիալական խնդիրների խոստացված լուծումների հետաձգումն ու կոնկրետ ձախողումները, հանրության շրջանում ձևավորված օբյեկտիվ սպասումների, մեղմ ասած, անհամաչափ իրականացումը: Առարկայական պատասխանատվությունը թաքցնելու և դրանից խուսափելու համար էլ իշխանությունները պարբերաբար ներկայացնում են արհեստական ձեռքբերումներ, սոցիալ-տնտեսական միտումների սուբյեկտիվ պատկեր՝ վիճակագրական մանիպուլիացիաներով: Վերջերս արձանագրվեց նաև անհաջող նոր փորձ, որն արդեն դրսևորվում է վիճակագրական ցուցանիշների մանիպուլիացիաները երկրից «արտահանելով»:

Խորացող խնդիրների, կրկնվող ձախողումների համար արդարանալու և իշխանության եկած քաղաքական թիմից դուրս մեղավորների փնտրտուքը հասավ վերջնակետին՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնային շահառուներին:

Օրվա իշխանություններն արդեն մեղադրում են աղքատներին, գործազուրկներին և սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներով այլ քաղաքացիների: Հորդորում են՝ հույսները կտրել պետությունից և սոցիալական աջակցությունից, իսկ իրենց խնդիրները լուծել սեփական ջանքերով: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018 թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017 թ. ցուցանիշը, նաև աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ: Գործազուրկ են 234 հազար քաղաքացիներ, որոնց 25-30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվորեն փնտրում են աշխատանք, իսկ նրանց 18,3 տոկոսը 2019 թ. արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու պատճառով:

Գործազուրկները տարիներ շարունակ չեն դառնում զբաղված՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության, իսկ հիմա նաև՝ սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով: Օրինակ՝ 2018 թ. ձախողվել է զբաղվածության աջակցության պետական ծրագրերի 75 տոկոսը, իսկ 2019 թ.՝ 50 տոկոսը: Հետևաբար՝ աղքատներն ու գործազուրկները «պառկած չեն իրենց դիվանին», եթե դա անկողնային հիվանդության հետևանք չէ: Նրանք մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու, ոչ թե աղքատ մնալու մասին:

Այս ամենի կոնկրետ դրսևորումներին բազմիցս ենք անդրադարձել, ներկայացրել ենք մասնագիտական այլընտրանքային գնահատումներ և օբյեկտիվ հիմնավորումներ:

Իշխանություններն էլ բերում են ի սկզբանե անհեռանկար և արդեն նաև ծեծված հետևյալ հակադարձումները. «իրենց արածն աննախադեպ է», «լուծումներ գիտեիք՝ իրականացնեիք»: Այս իմաստով հատկանշական են հետևյալ փաստերը: Պոպուլիստական փաթեթավորմամբ իշխանությունները շարունակում են աննախադեպ որակել 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի 23,6 տոկոսով բարձրացումը և կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով ավելացումը: Իրական պատկերն ամբողջացնելու նպատակով հարկ է նշել՝ կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով բարձրացումը բացարձակ համարժեք չէ առկա օբյեկտիվ հնարավորություններին և իշխանական խոստումներին, այս բարձրացումից հետո կենսաթոշակի միջին չափը շուրջ 45 տոկոսով ցածր է մնում մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից, 2004 թ. հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով՝ 3,2 անգամ ավել չափով, քան 2020 թ. ցուցանիշը, ընդ որում՝ 10 տոկոս և ավելի չափերով բարձրացումներ բազմիցս եղել են մինչև իշխանափոխությունը, 2004 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 160 տոկոսով՝ 7 անգամ ավելի, քան 2020 թ. ցուցանիշը, ընդ որում՝ մինչև իշխանափոխությունը նվազագույն աշխատավարձը ևս բարձրացվել է՝ 20 տոկոս և ավելի չափերով, իշխանափոխությունից հետո աննախադեպ են բարձրաստիճանների պարգևատրման չափերը, պարբերականությունը և խնդրահարույց բնույթը, ըստ որի՝ նրանց վարձատրությունն եռապատկվել է այն դեպքում, երբ 2019 թ. միջին աշխատավարձը մեր երկրում աճել է ընդամնեը 5,9 տոկոսով:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող