Հին նոր տարվա խորհուրդը

Մի շարք երկրներում, ավանդույթի համաձայն, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին, և հետևաբար, հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարների տարբերությունը 20 և 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է:

Նոր տարին հունվարի 1-ին սկսեց տոնվել Ք․ա․ 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց նոր տոմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ՝ 365 օր, 6 ժամ, այսինքն ճշգրիտ հաշվումներով՝ որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։

Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նորը մշակելու նպատակով Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15-ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ք․ա․ 46 թվականից մինչև 1582 թիվը կուտակվելով դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր հետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4-ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։

Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928 թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1-ին։ Քանի որ 1582 թվականից մինչև 1918 թվականը, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվել դարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։

Այսպիսով նոր` Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք  երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) նշում են հին տոմարով Նոր տարին:

Հին նոր տարին, ըստ հուլյան տոմարի` (նախկինում սուրբ Սիլվեստրի օր, գերմ. Alter Silvester) տոնում են նաև Շվեյցարիայի մի շարք գերմանախոս կենտրոններում։

Հայաստանում Հին նոր տարին ևս նշվում է, թեև ոչ նույն շուքով, ինչ ավանդական Ամանորը: Հեռուստատեսությամբ եթեր են հեռարձակվում տոնական` ամանորյա հաղորդումներ, տոնածառը զարդարում է բնակարանները նաև Հին նոր տարուն: