Իրանը դեռ կլուծի իր հիմնական վրեժը

Համաշխարհային լրատվամիջոցներում բանավիճում են՝ արդյո՞ք Իրանի ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանների վրա, թե ոչ: Ոմանք, այդ թվում ռուսաստանյան փորձագետները նույնիսկ կարծում են, որ այս ամենը «գործարք» է ԱՄՆ-ի և Իրանի միջև և որ իրականում ոչ ոք հետագա սրացում չի ցանկանում: Նման եզրահանգման օգտին բերվում են տասնյակ փաստարկներ: Օրինակ՝ նշում են, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հայտնելով տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ Իրանի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին: Reuters գործակալությունը հայտնում է, որ Քրաֆթը շեշտել է, թե Վաշինգտոնը ձգտում է «կանխել միջազգային խաղաղության և կայունության հետագա սպառնալիքները կամ իրանական ռեժիմի կողմից էսկալացիան»: ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հավելել է, որ իբր իրանական գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը «արդարացվել է» ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով՝ երկրին տալով ինքնապաշտպանության իրավունք:

Միացյալ Նահանգների «ինքնապաշտպանության իրավունքը» բարդ հարց է: Ի վերջո իրաքյան շիաները կամ նույն իրանական «Կոդս» հատուկ նշանակության ուժերը գործում են իրենց իսկ հողի վրա, այլ ոչ թե Մեքսիկայի կամ Կանադայի տարածքներից: Ամերիկացիները պետք չեն Մերձավոր Արևելքում, ընդհանրապես պետք չեն Ասիայում: Եվ այս ինքնապաշտպանության իրավունքի մասին շատ ավելի տրամաբանական են հնչում ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչիի խոսքերը։ Նա հունվարի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերիշին ուղղված նամակում հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարձակումը համահունչ է ինքնապաշտպանության սկզբունքի հետ:

«Իրանը պատրաստ է բանակցություններ վարել և աշխատել տարածաշրջանի երկրների հետ լարվածությունը նվազեցնելու համար», – ավելացրել է նա: Եվ եթե Վաշինգտոնը այս դեպքում պարզապես նախապայմաններ չունի, ապա դրանք ունի Իրանը՝ հակաիրանական պատժամիջոցների դադարեցում, զորքերի ամբողջական դուրսբերում ողջ Արևմտյան Ասիայից, այլ ոչ միայն Իրաքից և Սիրիայից, Իսրայելին Երուսաղեմի, Պաղեստինի և Գոլանյան բարձրունքների հարցերում անվերապահ աջակցելուն վերջ տալը, արևմտյան երկրներում «սառեցված» իրանական փողերի վերադարձ (իսկ դա 150 միլիարդ դոլարից ոչ պակաս է), Միացյալ Նահանգները պետք է վերադառնան Իրանի հետ 2015թ-ի ամռանը ստորագրված «միջուկային գործարքի» շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Տախտ-Ռավանչին արդեն մերժել է իրանա-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ Քրաֆթի առաջարկը։ «Միացյալ Նահանգները վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի դեմ մեծ քանակությամբ պատժամիջոցներ են կիրառել, որոնք մենք դիտարկում ենք որպես տնտեսական ահաբեկչություն և միջազգային նորմերի խախտում: Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է թշնամություն ցուցաբերել Իրանի ժողովրդի նկատմամբ, իմաստ չունի խոսել որևէ տեսակի համագործակցության կամ բանակցությունների մասին», – տեղեկացրել է IRNA գործակալությունը:

Վստահ չենք, որ 2020 թվականին, երբ ավարտվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետը, նա պատրաստ կլինի Իրանի պայմաններին և դրանով իսկ կընդունի Ամերիկայի պարտությունը Իրանին սահմանակից բոլոր երկրներում: Սակայն հունվարի 9-ին Իրանը ևս մեկ «փոքր պատուհան» բացեց Միացյալ Նահանգների համար: Վերոհիշյալ Մաջիդ Թահթ-Ռավանչին, պատասխանելով TASS գործակալության՝ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Իրանն, իբր, լուծել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժը և նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկելու ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում. «Մեր բոլորը գործողությունները համաչափ էին մեր գեներալի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ​​Միացյալ Նահանգները այլևս ռազմական գործողություններ չձեռնարկեն Իրանի դեմ, մենք նույնպես նման գործողություններ չենք ձեռնարկելու»:

Հասկանալի է, որ նման հայտարարություն դիվանագետն արել է Իրանի ԱԳՆ-ի հետ համաձայնությամբ։ Բայց հունվարի 8-ին Սուրբ Քոմ քաղաքի հավատացյալների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին բացեիբաց հասկացրել է․ «Այս գիշեր մենք նրանց ապտակեցինք, բայց վրեժը՝ այլ բան է»: Ակնարկներով լի հայտարարություններ են արել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Պետք է ուշադիր լինել՝ հասկանալու, թե ինչ այլ վրեժ են նախատեսում իրանցիները Ամերիկայի համար: Ռոհանին հայտարարել է՝ «Սպանելով մեր սիրելի եղբայր Սուլեյմանիին, որը Իրանի ձեռքն էր, դուք կտրեցիք մեր ձեռքը: Մենք կկտրենք տարածաշրջանում ձեր ներկայության ոտքերը»: Զարիֆը CNN News-ին տված հարցազրույցում ասել է՝ «Դոնալդ Թրամփը սուտ տեղեկություններ է ստացել: Գեղեցիկ ռազմական տեխնիկան չի տիրապետում աշխարհին, մարդիկ են տիրապետողները, և մարդիկ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները հեռանան մեր տարածաշրջանից»:

Այս հայտարարությունները բավարար են հասկանալու համար, որ Իրանի հիմնական վրեժը դեռ առջևում է: Հավելենք միայն, որ ՆԱՏՕ-ի զորքերը այժմ փախչում են Իրաքից, դուրս են բերվել Ռումինիայի, Խորվաթիայի, Գերմանիայի զորքերը … «Ամերիկյան կոալիցիան» փլուզվում է հենց մեր աչքի առաջ:

Սերգեյ Շաքարյանց