Դատարկագլուխներին պետք է դուրս շպրտեն գյուղատնտեսության ոլորտից

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով գյուղատնտեսութան վրա եղանակային պայմանների հետևանքներին ասաց․

«Որևէ վտանգ այսօրվա դրությամբ չկա, որոշ անպատասխանատու մարդիկ վերջին օրերին աժիոտաժ են ստեղծել, թե բերքի վտանգ կա, այդպիսի բան չկա: Մենք այսօր ունենք մեկ վտանգ, դա աշնանացան ցորենի հետ կապված վտանգն է, որ դաշտերը չեն ծածկվել ձյան շերտով, որը կբերի նրան, որ կունենանք բերքի լուրջ կորուստ: Դա իրոք վտանգ է, առանց այդ էլ կառավարությունը ոչինչ չարեց, որ աշնանացան ցորենի սերմացուն ժամանակին գյուղացուն հասնի և ցորենի ցանքատարածությունը պակասեցնի»:

Գյուղատնտեսությունից հեռու մարդկանց Բերբերյանը խորհուրդ է տալիս չզբաղվել այս բնագավառով:

Ոռոգման համակարգին անդրադառնալով՝ նշեց հետևյալը․ «Իրոք ունենք ոռոգման համակարգի ծանր վիճակ, քանի որ սարերին կուտակված ձյան քանակությունը դեռ բավարար չէ ջրամբարները ջրով ապահովելու համար, անցած տարի էլ գրեթե նույն վիճակն էր, բայց անցած տարի մարտ ամսին այնպիսի քանակությամբ անձրևներ ունեցանք, որ ջրամբարները լցվեցին: Այնպես որ, բնությունն ինչ-որ տեղ էլ կարգավորում է, չշտապենք, կգա ժամանակը, կտեսնենք»:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ կարտոֆիլի ցանքատարածությունները վերջին հինգ տարիների ընթացքում մոտ 10 հազար հեկտարով՝ մեկ երրորդով պակասել են, և հիմա իրենք փորձում են նոր սորտեր գյուղացիներին տրամադրել:

«Որքան փողոցում քայլող կար, բերին գյուղատնտեսության մասնագետ դարձրին, առաջին հերթին դատարկագլուխներին պետք է դուրս շպրտեն և բերեն հմուտ բանիմաց մարդկանց»,- ասաց նա:

Գյուղատնտեսության ապահովագրության մասին խոսելիս Բերբերյանը նշեց, որ ապահովագրության համար պետք է ունենալ աշխատող հակակարկտային ծառայություն, որը չունենք, պետք է ունենալ լուրջ, կայացած ոռոգման համակարգ, ինչը ևս չունենք:

«Այդպես էլ բարեփոխումներ չարեցին: Գյուղատնտեսության 45 տոկոս ՀՆԱ-ից դարձել է 19 տոկոս»,- եզրափակեց Բերբերյանը: