Պետական դրոշի համար վարչապետը գործից ազատում է, իսկ օրհներգի անտեսումը նրա հոգը չէ

Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար վարչական վարույթ այդպես էլ չհարուցվեց, թեև 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չլսված ու չտեսնված այդ միջադեպը շատերի համար քննարկման ու քննադատման առարկա դարձավ, թե տոնակատարության ժամանակ և թե հետտոնական օրերին։ Հանրության  քննադատող հատվածն ակնկալում էր, որ օրենքը խախտողները պատասխանատվության կենթարկվեն և հաշվետու կլինեն իրենց բացթողման համար, սակայն ոչ ոք այդպես էլ չպատժվեց և որևէ մեկը  հաշվետու չեղավ։

Երեկ՝ հունվարի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նիստ է գումարվել է, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը: «Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ» հեռուստաընկերություններում իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ամանորյա գիշերը հայկական որևէ հեռուստալիքով օրհներգը չի հնչել՝ ամանորն ազդարարող զարկերից հետո։ Ժամացույցի զարկերն էլ այդ օրը խորհրդավոր լուռ մնացին, և վարչապետի ելույթից անմիջապես հետո հայկական դհոլը, դուդուկն ու զուռնան ազդարարեցին նոր տարվա սկիզբը։ Իսկ դա, ինչպես արդեն նշել էին մասնագետները, օրենքի պահանջի խախտում է։ Մինչդեռ այդ օրենքը խախտումն արձանագրելու հիմքերը տալիս է, բայց չի նախատեսում, թե դրա համար մեղավորը կամ մեղավորներն ինչ պատիժ պետք է կրեն։

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի (հոդված 4, 1-ին կետ, գ) ենթակետ) համաձայն՝ Ամանորի գիշերը Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հեռարձակվի ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից՝ անկախ սեփականության ձևից, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Եթե այդ ընթացակարգը չի պահպանվել, բնականաբար գործ ունենք օրինախախտման հետ, ինչպես որ եղավ Ամանորի գիշերը։

Բայց նույն օրենքի 9-րդ հոդվածում, որով նախատեսվում է օրենքը խախտելու դեպքում պատասխանատվություն, չի նշվում այդ պատասխանատվության տեսակը։ Միայն նշված է, որ սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով՝ առանց որևէ հստակեցման ու հղումի։ Այսինքն՝  «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, բայց թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու, նշված չէ։ Ինչը նշանակում է, որ առկա է օրենսդրական անորոշություն:

Մինչդեռ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ: Այստեղ էլ երկու օրենքների հակասություն կա։

Ստացվում է, որ  Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ ՀՌՀ-ն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ: Իսկ օրհներգի մասին օրենքով էլ չի հստակեցված, թե որ մարմինը պետք է պատիժ իրականացնի։

Հիմք ընդունելով այդ հանգամանքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:

Իսկ ինչո՞ւ 2020 թվականի Ամանորի գիշերն այնուամենայնիվ օրհներգը չհնչեց հայկական որևէ հեռուստաալիքով՝ տպավորություն ստեղծելով, թե բոլորը պայմանավորված են գործել։ Պարզվում է՝ որևէ պայմանավորվածություն էլ չի եղել, պարզապես մնացած հեռուստաընկերություններն իրենց հերթին հեռարձակել են Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերը Հանրապետության հրապարակից, և փաստորեն մեկ ընկերության թերացման պատճառով բոլորն ակամա խախտել են օրենքը։

Ինչպես մեզ տեղեկացրեցին «5-րդ ալիքից», իրենք ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը ոչ թե սեփական տեխնիկական միջոցներով են հեռարձակել՝ հենց տոնակատարության վայրից, այլ իրենք էլ, ինչպես և մնացած հեռուստաընկերությունները, օգտվել են նույն աղբյուրից։ Իսկ այդ օրը, ինչպես նշեցինք, Հանրապետության հրապարակից ուղիղ նկարահանում է իրականացրել Հանրային հեռուստաընկերությունը, որն էլ ստացվում է՝ պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար։

Չնայած Հանրայինն էլ օրենքը խախտելուց հետո շտապեց արդարանալ՝ պարզաբանում ներկայացնելով, որ օրհներգը շրջանցելու պատճառն անփորձությունն է եղել։ Եթե մինչև այս տարի սովորաբար երկրի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների տոնական ուղերձները նախապես ձայնագրվել են և հետո հեռարձակվել։ Այս տարի երկրի վարչապետը որոշել էր փոխել արարողակարգը և ուղերձը հղել է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերով ՝ ի տարբերություն նախագահի և կաթողիկոսի։ Դա նորություն էր երկրի ղեկավարի համար, որը չկարողացավ հաշվարկել ժամանակը և այդպես էլ չհասցրեց եկող տարվա բարեմաղթանք հղել, նորություն էր նաև Հանրային հեռուստաընկերության՝ վարչապետի ելույթն ուղիղ հեռարձակող աշխատակիցների համար, որոնք այդպես էլ չկարողացան ճիշտ կողմնորոշվել հաջորդ տեսանյութը մատուցելու հարցում։ Ամեն դեպքում ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են՝ քանի որ առաջին անգամ վարչապետի ուղերձն ուղիղ հեռարձակմամբ հնչել է Հանրապետության հրապարակից և ելույթին անմիջապես հաջորդել է տոնական համերգի առաջին համարը, Հանրային հեռուստաընկերությունն այն ցուցադրելուց հետո անմիջապես հեռարձակել է սեփական տոնական եթերը։

Հեռուստառադիոհանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր հարցազրույցներից մեկում դա անփութություն է որակել՝ ասելով, որ երբ Հանրայինում պլանավորում էին տոնական եթերը, պետք է նրանց իրավաբանը զգուշացներ, որ ժամը 12-ին պետք է օրհներգը հնչի: Նա նաև տեղեկացրել է, որ սա, այնուամենայնիվ, առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի օրհներգն այս կամ այն հեռուստաալիքով չի հնչել ժամացույցի տոնական զարկերից հետո։ Փոխարենը հեռուստաընկերություններն Ամանորն ազդարարել են Արամ Խաչատրյանի հանրահայտ երաժշտությամբ։ Բայց որևէ ընկերություն դրա համար պատասխանատվություն չի կրել։ Գուցե այն ժամանակ հարցը բարձրաձայնելու դեպքում հնարավոր լիներ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով այն հստակեցնել և հետագայում խուսափել  Տիգրան Հակոբյանի բնորոշած փնթի գործելաոճից ու անպատասխանատվությունից։ Թե չէ ստացվում է՝ մեկ-երկու անգամ աչք փակելուց հետո երևույթը սովորական կդառնա։ Նկատենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկն անգամ պաշտոնապես չանդրադարձավ դեպքին ու չպախարակեց որևէ մեկին։ Եթե օրենքը թերի է և պատիժ չի նախատեսում, գոնե բարոյական խրատ կարելի էր տալ։

Ակամա հիշեցի այն դեպքը, երբ վարչապետը բավականին վրդովվել էր և պարտադրել էր աշխատանքից ազատել մաքսային ծառայողին, որովհետև երկրի ղեկավարին դուր չէր եկել դրոշի դիրքը։ Հետագայում այդ դեպքին անդրադառնալով՝ նա բավականին բոցաշունչ ելույթներ էր ունենում պետականության զգացողության մասին, բայց երբ այս տարի մուտք գործեցինք առանց օրհներգի, որևէ մեկն այդպես էլ չհիշեց այդ պետականության զգացումի, պարտքի և այլ կարևոր հույզերի մասին։

Թագուհի Ասլանյան