Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրանքի նպատակները, Ռուսաստանը և Չինաստանը պատերազմը կանխելու մեծ առաքելություն ունեն

Վերջին տարիներին միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ ներկայացող, իրականում բազմաթիվ դեպքերում ահաբեկիչներին աջակցող Միացյալ Նահանգներն օրերս ինքը հանդես եկավ աշխարհում խոշորագույն միջազգային ահաբեկչի դերում. դե յուրե կամ պաշտոնապես ինքնիշխան պետության (Իրաքի) տարածքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ու միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ սպանվեց մեկ այլ պետության (Իրանի) բարձրաստիճան պաշտոնյան: Ի՞նչ նպատակ կարող է ունենալ Իրաքում ԱՄՆ-ի արդեն իսկ հայտնի այդ սադրանքը:

Քաջ գիտակցելով, որ Իրանի վրա հարձակվելու պարագայում փոխադարձ մարդկային ու նյութական կորուստները և էկոլոգիական հետևանքները անհամեմատելի են լինելու Իրաքի, Հարավսլավիայի, Լիբիայի և Սիրիայի հանդեպ իր ագրեսիայի պատճառած կորուստների ու մնացյալ հետևանքների հետ, պատերազմի մասշտաբները լինելու են բոլորովին այլ` առնվազն տարածաշրջանային, Միացյալ Նահանգներ, կարծում եմ, միջազգային հանրության և, հատկապես, իր քաղաքացիների առջև պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ընտրել է Իրանի դեմ ոչ թե միանգամից պատերազմ սկսելու, այլ Իրանի տարածքից դուրս նրան մի քանի կետային ու սադրիչ հարվածներով այնպիսի վնաս պատճառելու մարտավարություն կամ ռազմավարություն, որ Իրանին այլևս չթողնի չպատասխանելու հնարավորություն:

Առ այս պահը վերոնշյալ սցենարի իրականացման բարձրակետը հունվարի 3-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունն է, որն իրականացվել է Բաղդադի օդանավակայանի մոտ իրանա-իրաքյան ավտոշարասյան վրա ամերիկյան ռազմական ուղղաթիռից կամ ուղղաթիռներից կատարված հրթիռային հարվածներով (Սուլեյմանին նոր է ժամանած եղել ժամանել Իրաքի մայրաքաղաք, նրանից բացի, սպանվել են նաև ավտոմեքենաների մեջ գտնվող անձանցից 11-ը):

ԱՄՆ-ն այսպիսով անխուսափելի դարձրեց ոչ թե Իրանի ազդեցության ոլորտում գտնվող շիաական կազմակերպությունների, այլ հենց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ամերիկյան թիրախներին հարվածելը, որպեսզի այդ հարվածների հետևանքով նշանակալի կորուստներից հետո ձեռքերն ազատ արձակի և փոխադարձ մի քանի հուժկու և ցավագին հարվածներից հետո իրեն արդեն իրավունք վերապահի անցում կատարելու Իրանի վրա լայնամասշտաբ հարձակման: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչ նպատակ կամ նպատակներ կարող է ունենալ ԱՄՆ-ն իր այդ հարձակմամբ:

Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող Իսրայելը վաղուց են ցանկանում հրթիռային ու ռմբային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին ու նրան զրկել միջուկային զենք ստեղծելու թեկուզ նվազագույն հնարավորությունից, թեև Իրանը ՄԱԿ-ում և այլուր բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի:

Ավելին` Իրանն իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հավաստելու համար տևականորեն համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ` լիարժեքորեն կամ վերջիններիս բավարարող մակարդակով, և, եթե չեմ սխալվում, այս պահին էլ համագործակցում է: Համենայն դեպս, օրերս, Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից ամբողջապես դուրս գալու, միջուկային գործարքի վերջին առանցքային սահմանափակումից` ուրանը հարստացնող ցենտրիֆուգների թվաքանակի սահմանափակումից հրաժարվելու իր հայտարարությամբ հանդերձ, Իրանը դարձյալ պատրաստակամություն արտահայտեց ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը շարունակելու:

Իսրայելի ու նրա թելադրմամբ գործող ԱՄՆ-ի ռազմաքաղաքական որոշակի շրջանակների` Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու վերոնշյալ ցանկության վրա սառը ջուր լցրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Նա ԱՄՆ-ի անունից, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և  Ֆրանսիայի հետ համատեղ, Իրանի հետ կնքեց հիշյալ միջուկային գործարքը, որն Իրանի կողմից բազմաթիվ սահմանափակումներով, ինչպես նաև նրա միջուկային ծրագրի նկատմամբ միջազգային արդյունավետ վերահսկողությամբ բացառում էր միջուկային զենքի ստեղծումը, հետևաբար և ամերիկա-իսրայելական օրակարգից հանում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ դարձած Դոնալդ Թրամփը, որի փեսայի ով լինելը, կարծում եմ, ոչ ոք չի մոռացել, Քլինթոնի կնքած գործարքը համարելով Միացյալ Նահանգների շահերին հակասող, որքան հիշում եմ, նույնիսկ դավաճանական, ԱՄՆ-ին դուրս հանեց այդ գործարքից, սադրիչ կերպով հրաժարվելով դրանով Միացյալ Նահանգների ստանձնած պարտավորություններից, վերսկսեց Իրանի նկատմամբ ֆինանսատնտեսական և այլ պատժամիջոցների կիրառումը:

Ավելին` ԱՄՆ-ը պատժամիջոցների սպառնալիքով կոպիտ ճնշում գործադրեց Ֆրանսիայի, Գերմանիայի մասնավոր բանկային և առևտրային կազմակերպությունների և նույնիսկ իր եվրոպական վերոնշյալ գործընկերների նկատմամբ, որպեսզի նրանք նույնպես հրաժարվեն միջուկային գործարքից և շարունակեն Իրանի հանդեպ պատժամիջոցները (դեղորայք, սննդամթերք, քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր և խիստ անհրաժեշտ այլ ապրանքներ չվաճառեն, հրաժարվեն բանկային փոխանցումներից):

Վերոնշյալի արդյունքում` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան նույնպես այս կամ այն չափով հրաժարվեցին միջուկային գործարքից, դրանով իրենց ստանձնած պարտավորությունների կատարումից` դրանով իսկ Իրանին ստիպելով, որ նա նույնպես միջուկային գործարքից դուրս գա, քանի որ պարտավորությունների կատարումը միակողմանի և աննպատակ չի լինում:

Իր սադրիչ քայլերի արդյունքում Իրանին ստիպելով դուրս գալ միջուկային գործարքից, ԱՄՆ-ը հող նախապատրաստեց մեր հարևան ու բարեկամ երկրի միջուկային օբյեկտներին հարվածելու համար` Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու պատճառաբանությամբ: Թերևս հենց վերոնշյալի համատեքստում է օրերս Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ քանի դեռ ինքն ԱՄՆ-ի նախագահն է, Իրանին ոչ մի դեպքում թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել:

Միանգամայն հնարավոր է, որ Թրամփը և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականում ունեն ավելի հեռուն գնացող նպատակ, այսինքն` ոչ միայն Իրանի միջուկային օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու և դրանք ոչնչացնելու, այլև այդ պետության դեմ լայնածավալ պատերազմի (ինչն Իսրայելի վաղուցվա փափագն է), որպեսզի Իրանն ավերելու, որպես պետություն կործանելու, օկուպացնելու, առնվազն գաղութացնելու և հպատակեցնելու միջոցով վերացնեն աշխարհի լիակատար գրավման և ամբողջապես միաբևեռ աշխարհակարգի հաստատման ԱՄՆ-ի ճանապարհին եղած այդ խոչընդոտը:

Պարզ է, որ ԱՄՆ-ը դրանից հետո արդեն կփորձի շարքից հանել մյուս և առավել լուրջ խոչընդոտները` միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Ռուսաստանը: Այլ խնդիր է, թե իր նպատակին արդյոք կհասնի՞ Սատանայի գործիք հանդիսացող ԱՄՆ-ը թեկուզ հենց միայն Իրանի պարագայում, որի տարբերությունն Իրաքից, Հարավսլավիայից, Լիբիայից և Սիրիայից, համոզված եմ, օվկիանոսից այն կողմ էլ գիտակցում են: Ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ-ն Իրանի վրա կհարձակվի միայն նրա հարվածների հետևանքով նշանակալի կորուստներ ունենալուց հետո, որոնք դեռ չկան, սակայն, ըստ Իրանի որոշ պաշտոնյաների հայտարարությունների, չի նշանակում, որ չեն լինելու առաջիկայում:

Հաշվի առնելով վերոնշյալը, Ռուսաստանը և Չինաստանը զսպիչ մեծ առաքելություն ունեն իրագործելու` Իրանի հանդեպ ԱՄՆ-ի լայնամասշտաբ հարձակումը կանխելու նպատակով: Դիվանագիտական համապատասխան քայլերից ու քաղաքական հայտարարություններից բացի, դա մասնավորապես կարող է արտահայտվել Իրանին, օրինակ, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության С-400 զենիթահրթիռային համալիրների շուտափույթ վաճառքով, ինչն ԱՄՆ-ին մեծապես կզրկի իր հինգերորդ սերնդի F-35 կործանիչներով Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադարային կայանները նախապես շարքից հանելու հնարավորությունից:

Արթուր Հովհաննիսյան