Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի հայցը՝ ընդդեմ կառավարության

Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի հայցը՝ ընդդեմ կառավարության. պահանջվում է առ ոչինչ ճանաչել այն բոլոր ակտերը, որոնցով  «Ա1+»-ը զրկվել է եթերից ու դրանից հետո չի կարողացել 7 մրցույթի ընթացքում ստանալ լիցենզիա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Շատ հաճախ փորձում են «Ա1+»-ի այս քայլը քաղաքականացնել: Որևէ քաղաքական ենթատեքստ չկա, հարցը զուտ իրավական է, արդարության վերականգնման խնդիր է»,- ասաց նա:

Ինչպես տեղեկացրեց փաստաբան Արա Ղազարյանը, առաջին նիստը նշանակված է մարտի 13-ին:

«Մենք վիճարկում ենք  վարչական յոթ ակտ, որոնք կայացվել են տարիներ առաջ: Մենք ճանաչման հայց ենք ներկայացրել՝ առ ոչինչ ճանաչել այս յոթ վարչական ակտերը: Ոչ թե պահանջում ենք անվավեր ճանաչել, այլ՝ առ ոչինչ։ Տարբեր հասկացություններ են,- մանրամասնեց փաստաբանը:- Անվավեր է ճանաչվում ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, առ ոչինչը նշանակում է, երբ նույնիսկ օրենքի կիրառության նպատակը եղել է ոչ իրավաչափ, արդարադատության առերևույթ ոտնահարմամբ է այդ ակտն ընդունվել, վարչական ակտը կայացվել է սահմանադրական հիմնարար իրավունքի առերևույթ ոչնչացմամբ: Դատարանից պահանջում ենք այդ դատական ակտերը ճանաչել առ ոչինչ, այսինքն՝ դրանք գոյություն չեն ունեցել ի սկզբանե»։

Նա նշեց, որ սա է ընկած իրենց հայցի հիմքում, դրանով  հաղթահարում են նաև վաղեմության ժամկետը, քանի որ առ ոչինչ պահանջելու նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն տարածվում:

Նա հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի իրենց հայցը: Փաստաբանի խոսքով, եթե դատարանն արձանագրի, որ տեղի է ունեցել  խախտում, հաջորդ քայլը լինելու է փոխհատուցման պահանջ ներկայացնելը:

«Փոխհատուցումն անպայման չէ, որ լինի դրամական, խոսքն ավելի լայն հասկացության մասին է՝ արդարացի փոխհատուցում: Ի վերջո այս պետությունն  այդպես էլ ներողություն չի խնդրել «Ա1+»-ից՝ անկախ նրանից իշխանափոխություն եղել է, թե ոչ: Ներողություն խնդրելը նույնպես արդարացի փոխհատուցում է»,- ասաց Արա Ղազարյանը։