Կարեն Աբրահամյանը մասնակցել է ՊԲ զորամասի նոր զորանոցի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հունվարի 9-ին այցելել է հանրապետության հարավարևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բանակի հրամանատարը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոնների կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին նշել է, որ պաշտպանության բանակում այսուհետ ևս շարունակվելու են լայն թափով ընթանալ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորանոցների բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատար, գեներալ լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկա հրամկազմին ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: