Հայաստանից մոտ 2 շաբաթ հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կեղծ տեղեկություններ են ներկայացվելու

Հայաստանից մոտ երկու շաբաթ հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կեղծ տեղեկություններ են ներկայացվելու մեր երկրում արտահայտվելու ազատության իրավունքի, լրատվամիջոցների ազատության իրավունքի գործնականում զգալի բարելավման վերաբերյալ:

Հայաստանում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը պատրաստվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020թ.) ներկայացնել, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցը, որը, ի թիվս այլ կեղծիքների, կեղծ տեղեկություններ է պարունակում նաև արտահայտվելու ազատության իրավունքի, լրատվամիջոցների ազատության իրավունքի գործնականում զգալի բարելավման մասին: Իսկ որո՞նք են այդ ավելի քան 60 կազմակերպությունները…

Ինչպես արդեն նշել ենք մեկ այլ առիթով հրապարակված մեր վերլուծականում, ՀՀ-ից իբրև, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը ներկայացնողներ, հանդես են գալիս «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույց), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Հանուն հավասար իրավունքների», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Հանրային քաղաքականության ինստիտուտ», «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունները, ինչպես նաև մի շարք այլ ՀԿ-ներ: Խոսքը հենց նրանց պատրաստած զեկույցի մասին է, որի 2-րդ մասի նախաբանում գրված է.

«Ժողովրդավարական փոփոխությունները Հայաստանում նախադրյալներ ստեղծեցին ավելի բարձր ակնկալիքներ ունենալու նոր կառավարությունից: Սույն զեկույցում ընդգծված են գերակա խնդիրները, որոնք պետք է լուծվեն, որպեսզի հաղթահարվեն նախկին իշխանության կողմից կատարված` մարդու իրավունքների խախտումների հետևանքները:

2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից ի վեր որոշակի լուրջ առաջընթաց է արձանագրվել իրավունքների պաշտպանության և հարգման ուղղությամբ… Արտահայտվելու ազատության իրավունքը, լրատվամիջոցների ազատության իրավունքը գործնականում զգալիորեն բարելավվել են: Զգալիորեն թուլացել է վերահսկողությունը Հանրային հեռուստատեսության եթերի նկատմամբ: Իշխանությունները հռչակել են զրո հանդուրժողություն կոռուպցիայի նկատմամբ և հետամուտ են դարձել այդ նպատակին` սկսելով համակարգային խնդիրներն ավելի համակարգված կերպով լուծել` մշակելով հակակոռուպցիոն ամուր ռազմավարություն»:

Այստեղ թերևս կգործածեինք արևմտյան հայտնի արտահայտությունը` դասիս ֆանտաստիշ (սա ֆանտաստիկա է), եթե պարզապես կեղծիքի հետ գործ չունենայինք: Ուրեմն ձեր զեկույցում գրել ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում էլ մոտ օրերս ներկայացնելու եք, թե Հայաստանում արտահայտվելու ազատության իրավունքը, լրատվամիջոցների ազատության իրավունքը գործնականում զգալիորեն բարելավվե՞լ է… Ավելորդ չենք համարում հիշեցնել մոտ երկու շաբաթ առաջ հրապարակված «5-րդ ալիք հեռուստաընկերության հայտարարությունը»` մեջբերելով դրանից ընդամենը մեկ փոքրիկ հատված.

«Հաշվի առնելով, որ վերջին մեկուկես տարում բացի  «5-րդ ալիքից» ապօրինի գործողությունների թիրախում են հայտնվել մի շարք լրատվամիջոցներ («Yerevan.today», «News.am», «Aysor.am», «Hayeli.am», «Հրապարակ» օրաթերթ, «Ժողովուրդ» օրաթերթ, «Կենտրոն» Հ/Ը), կոչ ենք անում քաղաքական ուժերին,  տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին, լրագրողական կազմակերպություններին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին հանդես գալ Հայաստանում  լրագրողների  իրավունքների, ազատ  լրատվամիջոցների, խոսքի ազատության պաշտպանությամբ»:

Վերոնշյալ ՀԿ-ներից մի քանիսը հանդես են գալիս իբրև տեղական իրավապաշտպան կառույցներ, և արդեն պարզ է, որ նրանք «5-րդ ալիք» հեռուստաընկերության վերոնշյալ կոչին հետևելու փոխարեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին իրականության փոխարեն, մոտ օրերս ներկայացնելու են կեղծիքը: Ինչ վերաբերվում է իշխանության կողմից Հանրային հեռուստատեսության եթերի նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն թուլացնելու վերաբերյալ զեկույցում առկա տեղեկատվությանը, ապա իրականությունն իմանալու համար այդ մասին հարցրեք Հանրային հեռուստաընկերության այն աշխատակիցներին, որոնք վերջին երկու տարում դուրս են եկել աշխատանքից իրենց դիմումով կամ հեռացվել…

Հակիրճ անդրադառնանք նաև «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» խմբի զեկույցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացվող այն հավաստմանը, թե «Իշխանությունները հռչակել են զրո հանդուրժողություն կոռուպցիայի նկատմամբ և հետամուտ են դարձել այդ նպատակին` սկսելով համակարգային խնդիրներն ավելի համակարգված կերպով լուծել` մշակելով հակակոռուպցիոն ամուր ռազմավարություն»: Ո՞ւր է համակարգային խնդիրներն ավելի համակարգված կերպով լուծելու արդյունքը: Նախկին իշխանություններն էլ էին կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողություն հռչակել, հետո՞ ինչ… Իշխանություններն այսօր, ինչպես և նախկինում, կոռուպցիայի մեջ են թաղված, և տարբերությունը թերևս սոսկ այն է, որ դրան տրվում են ավելի բացահայտ ու ցինիկ կերպով, որոշ դեպքերում փորձելով օրինականության շղարշ հագցնել դրան:

Արթուր Հովհաննիսյան