Ինչո՞ւ են ուզում փակել Մարալիկի ծննդատունը․ նախարարության պարզաբանումը, ըստ մասնագետի, բացարձակ սուտ է

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող ծննդատունը փակելու որոշումը, որը կայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, օրվա իշխանությունների գործելաոճին բավականին հոգեհարազատ է։ Սա, այսպես կոչված, օպտիմալացման գործընթացի անվան տակ իրականացվող հերթական քայլն է, երբ խնդիրները լուծելու փոխարեն, վիրահատական միջամտություն է կիրառվում։ Այսինքն հերթական անգամ կառավարությունն առաջնորդվում է՝ օբյեկտը չկա, չկա և խնդիրը տրամաբանությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Մարալիկ համայնքի բնակիչները, ծննդատան բուժաշխատողները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ  կառավարությունը դադարեցրել էր համայնքի միակ ծննդատան ֆինանսավորումը՝ այն կանգնեցնելով փակման խնդրի առաջ։ Դեռ դեկտեմբերի 30-ին են ծննդատան բուժաշխատողներին ուղարկել տուն՝ ասելով, որ բաժանմունքը փակվել է։ Չնայած դրան, հունվարի 7-ին այնտեղ երկու ծնունդ են ընդունել։

Երեկ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել էր Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին և դժգոհ մարալիկցիներին: Սակայն դժգոհ քաղաքացիներն անդրդվելի էին, և որքան էլ նախարարության դեսպանները փորձում էին համոզել բուժանձնակազմին, որ նախարարության ընդունած որոշումն օրինական է ու բխում է համայնքի բնակիչների շահերից, նրանք պնդում էին, որ ծննդատան փակումը կարող է տխուր ու անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։

Նշենք, որ առողջապահության նախարարության պարզաբանմամբ՝ համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Ըստ նախարարության՝ սահմանված թվից պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունն արդարացված չէ ծախս-արդյունավետության և, թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տվել, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունը 2018 թվականին 126 ծնունդ է ընդունել, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի: Սա առողջապահության նախարարության տվյալներն են։

Կառույցի պարզաբանմամբ՝ իրենք նման ծայրահեղ քայլի են գնացել նաև այն պատճառով, որ ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին հնարավոր վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Ծննդատունը փակելով՝ նախարարությունն առաջարկում է հղիներին շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն: Եվ կարևորը, որ այս ամենը նախարարությունը փաթեթավորում է մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության վարած քաղաքականությամբ, որպեսզի վիրահատական միջամտությունը հանրության համար հնարավորինս ականջահաճո և ընդունելի լինի։

Հավելենք նաև, որ Մարալիկի ծննդատնից հետո փակվելու են բոլոր այն ծննդատները, որոնք չեն բավարարի նախարարության սահմանած կարգերի պահանջները, բացառությամբ Հայաստանի հեռավոր մարզերի՝ Բերդի, Մեղրիի և Ճամբարակի, որտեղից մոտակա ծննդատունը գտնվում է 70-80 կմ-ի վրա։

Թե նախարարությունում ինչ սկզբունքով են հաշվարկել տվյալ համայնքը հեռո՞ւ է ծննդատնից, թե այնքան էլ հեռու չէ, հայտնի չէ, բայց ինչպես նշում է Մարալիկի ծննդատան հերթապահ մանկաբարձուհի Հերմինե Հովհաննիսյանը, իրենց կենտրոնը սպասարկում է համայնքի 17 գյուղերը, որոնցից, օրինակ, Դիտյանկովը, Սառնաղբյուրը, Լանջիքը զգալի հեռու են Գյումրուց, որի ծննդատունն էլ նախարարությունը որպես այլընտրանք առաջարկում է համայնքի բնակիչներին։ Նախարարությունից պնդում են՝ Մարալիկից մինչև Գյումրի հասնելն ընդամենը 15 կմ է, այսինքն՝ եթե փակվի Մարալիկի ծննդատունը, ապա հղիները ընդամենը լրացուցիչ 15 կմ ստիպված կլինեն հաղթահարել մինչև մոտակա ծննդատուն հասնելը։ Մինչդեռ Հերմինե Հովհաննիսյանը նշում է՝ համայնքի հեռավոր գյուղերից մինչև Գյումրի մինչև 50 կմ է, այսինքն մոտավորապես լրացուցիչ մեկ ժամ կպահանջվի մինչև մոտակա ծնդդատուն հասնելը, ինչն, ըստ բժշկի, կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, եթե հղի կինը ծայրահեղ վիճակում գտնվի կամ ծնունդն արդեն սկսված լինի, և կնոջն անհապաղ բժշկական օգնություն անհրաժեշտ լինի։ Ինչ վերաբերում է գյուղերում շտապօգնության սպասարկման որակին, ապա այդ հարցում էլ կառավարությունը դեռ շտապողական բարեփոխումներ չի իրականացրել, և շտապ բուժօգնության հույսին մնալը ևս հղիի համար կարող է լավ չավարտվել։

Հերմինե Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ իրենց ծննդատանը անցած տարի ծնունդների թիվը նվազել է, քանի որ կառավարության կողմից համապատասխան քայլեր չեն արվել իրենց բարձրաձայնած խնդիրները լուծելու համար։ Օրինակ՝ տևական ժամանակ է գյուղերի բնակիչները բարձրաձայնում են տրանսպորտի բացակայության մասին, բայց նրանց բարձրաձայնումներին որևէ արձագանք չկա։ Դրա հետևանքով էլ ծննդատունը համայնքի 17 գյուղից միայն 5-6-ին է կարողանում սպասարկել։ Մյուսները նախընտրում են օգտվել այն քաղաքների ծննդատներից, որտեղ նորմալ տրանսպորտ է աշխատում։

Ինչ վերաբերում է համապատասխան մասնագետների բացակայությանը, բժիշկն ասում է, որ երկու ամիս առաջ մահացել է կենտրոնի բժիշկ գինեկոլոգը, և մինչև օրս նրան փոխարինող բժիշկ չկա, քանի որ նախարարությունը այդ հարցը չի հոգացել։ Բացի դրանից, այստեղ բժիշկները շատ ցածր են վարձատրվում, մանկաբույժը 30 հազար դրամ է ստանում, հետևաբար ծննդատանն աշխատելու ցանկություն ունեցողներ էլ առանձնապես չկան։ Մայրաքաղաքից կամ այլ քաղաքներից այստեղ աշխատելու համար որևէ մեկը չի գա, քանի որ տրանսպորտային և այլ ծախսերն ամբողջությամբ կսպառեն ստացած աշխատավարձը։ Իսկ ավելի բարձր աշխատավարձ տալ նախարարությունը մտադիր չէ։ Նախընտրել է եղածն էլ կրճատել՝ մասնագետների աշխատավարձերը և ծննդատանը տրվող բյուջեն կտրելու հաշվին։ Իսկ շենքն էլ հավանաբար կվաճառեն, ինչպես վաճառել են Մարալիկի փակված  մյուս բուժհաստատությունների շենքերը։

«Եթե մասնագետներ չկան, թող համալրեն, ոչ թե վիրահատական միջոցների դիմեն։ Նախարարությունից պնդում են, թե դա կարևոր միջոցառում է մահացությունների թիվը նվազեցնելու համար։ Բայց փաստ է, որ այս տարվա 105 ծնունդները բարեհաջող են անցել, որևէ մահացություն ոչ միայն վերջին տարում, այլ ընդհանրապես ծննդատան պատմության մեջ չի գրանցվել։ Եվ դա այն դեպքում, երբ ծննդատանն ընդամենը 12 մասնագետ է աշխատում։ Նախարարության պնդումը, թե մասնագետների որակավորումը նվազում է չծանրաբեռնված աշխատելու, քիչ ծնունդներ ընդունելու դեպքում, ինչը կարող է մայրերի և երեխաների մահվան դեպքերի հանգեցնել, հակասում է իրականությանը։ Փաստերն այլ բանի մասին են վկայում։ Մինչդեռ մեծաթիվ ծնունդներ ընդունող հիվանդանոցներում լինում են մահացության դեպքեր, բայց դրանք էլ համարժեք արձագանք չեն ստանում»,- ասում է Հերմինե Հովհաննիսյանը։

Բժշկի կարծիքով՝ նախարարության պնդումներն ընդամենը պատրվակ են, իսկ ծննդատունը փակելու պատճառներն իրականում կարող են այլ լինել, օրինակ՝ ինչ-որ մեկի բիզնես շահը։

«Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը նշում է, որ Մարալիկի ծննդատունը փակելու որոշումը դեռ նախորդ կառավարության օրոք է տրվել՝ բժշկական հաստատությունները խոշորացնելու ծրագրով։ Իսկ ներկայիս կառավարությունը, մասնավորապես  առողջապահության նախարարությունը, ինչպես շատ դեպքերում, կատարում է նախկինում ընդունված որոշումներն ու կյանքի կոչում նախկինների նախագծերը։

Նախկինում այն բուժկենտրոնները, որոնք արդյունավետ չէին աշխատում, օպտիմալացնում էին՝ միավորում, խոշորացնում։ Բայց այդպես էլ գնահատական չտրվեց անգամ նոր իշխանությունների կողմից, թե բուժկենտրոնների արդյունավետության համար սահմանված չափորոշիչները որքանո՞վ են արդարացված։ Օրինակ, որպես սահմանագիծ է դրվել 150 ծնունդը։ Եթե կենտրոնը տարեկան այդքան ծնունդ չի ապահովում, նախարարությունը եզրակացնում է, որ այն անարդյունավետ է աշխատում։ Բայց ոչ ոք հաշվի չի առնում, որ տարեցտարի փոխվում է երկրի ժողովրդագրական պատկերը՝ նվազում է բնակչության թիվը արտագաղթի, ծնունդների նվազման, ամուսնությունների թվի նվազման պատճառով։ Բացի դրանից, մարդիկ գյուղերից մեծ թվով արտագաղթում են քաղաքներ, և Մարալիկն այդ առումով բացառություն չէ։ Ուստի հիվանդանոցում ծնունդների նվազումը պետք է ահազանգ դառնա այդ համայնքի գյուղերն աշխուժացնելու, ծնունդները խթանելու և այդ համայնքի բնակչության թիվն ավելացնելու համար, եթե միայն իշխանությունները նպատակ չունեն դատարկելու գյուղերը։ Մինչդեռ միանշանակ  հակառակ քաղաքականությունն է իրականացվում․ քաղաքացիների կյանքը հնարավորինս անհարմար դարձնելով՝ նրանց այդ համայնքից հեռացնելու նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն փակվում են եղածները։ Ի վերջո Մարալիկի ծննդատան աշխատողներին մասնագիտական աշխատանք չեն առաջարկել։ Թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը, ոչ ոք չի ասում, նախարարությունն էլ դավադրաբար լռում է։

Իսկ ծնունդների տարեկան 105 ցուցանիշը, մասնագետների գնահատմամբ, Մարալիկի համար գոհացուցիչ է՝ հաշվի առնելով երկրում առկա ժողովրդագրական պատկերը։

Ծննդատան տեխնիկական հագեցվածության հարցն էլ, որից կառչում են նախարարությունում, կարող են լուծել ֆինանսական ճիշտ բաշխման միջոցով։ Գաղտնիք չէ, որ առողջապահության նախարարությունն անհավասար ֆինանսական քաղաքականություն է իրականացնում մարզային բուժկենտրոնների նկատմամբ, գումարները կենտրոնացնում է մեծ մասամբ Երևանում։ Բնականաբար, այն բուժկենտրոնները, որոնք ունեն թերի ֆինանսավորում, չեն կաողանա լիարժեքորեն ապահովել տեխնիկական վերազինման պահանջները, բավարար աշխատավարձ տալ աշխատակիցներին և որակյալ մասնագետների ներգրավել։

Մարինա Խաչատրյանն անթույլատրելի է համարում ծննդատունը վիրահատական միջամտությամբ փակելու որոշումը՝ ասելով, որ այդ քայլը մի շարք վտանգներով է հղի։

«Եթե կինը հղիանում է, նա ստիպված կլինի փոխել իր բնակության վայրը, եթե ընտրության հնարավորություն լինի և բնակվել մի համայնքում, քաղաքում, որտեղ համապատասխան ծառայություն կկարողանան իրեն մատուցել։ Այսինքն՝ հնարավոր է ծննդատան բացակայությունը հանգեցնի համայնքից արտագաղթին։ Առանց այն էլ մեր գյուղերը դատարկվելու շեմին են, օրվա իշխանություններն էլ երբեմն-երբեմն անդրադառնում են այդ խնդրին, բայց փաստորեն առողջապահության նախարարության թեթև ձեռքով այդ խնդիրը կարող է ավելի խորանալ։ Իսկ եթե արտագաղթել էլ չստացվի, երեխա ունենալուց առաջ կինը նախ կմտածի՝ կկարողանա՞ արդյոք ժամանակին ծննդօգնություն ստանալ, և հնարավոր է, վտանգներն աչքի առաջ ունենալով՝ հրաժարվի այդ մտքից»,- ասում է ՀԿ նախագահը։

Մյուս կողմից էլ, ըստ նրա, կրճատելով բուժհաստատությունների թիվն ու դրանց տրվող ֆինանսավորումը, մենք նպաստում ենք նաև բժիշկ մասնագետների արտագաղթին։

Մարինա Խաչատրյանը չի  բացառում, որ բուժկենտրոնների, ծննդատների փակելու ծրագրի նպատակը գումարներ խնայելն է՝ բյուջեի խիստ սղության պատճառով։ Դա ճշտելու համար նա այսօր հարցում է ուղարկել ֆինանսների նախարարություն։ Պատասխանն ստանալուց հետո հնարավոր կլինի առավել հիմնավորված խոսել ծննդատները փակելու պատճառների մասին։

«Եթե պարզվի, որ բյուջեն խնայելու համար է, ապա առավել քան անթույլատրելի է մոտ 65 միլոն դրամի պարգևավճարների շռայլումը առողջապահության համակարգի կազմակերպիչներին։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես մարզերում, պետք է զգոն լինի, քանի որ գործընթացը կարող է մոտ ապագայում թակել իր դուռը, բուժաշխատողների, որոնք կմնան անգործ, քաղաքացիների, որոնք կզրկվեն  հասանելի բժշկական ծառայությունից։ Պետք է կանխել առաջին քայլը»։

Խոսելով մայրերի ու երեխաների մահացությունը նվազեցնելու նախարարության նպատակների մասին՝ Մարինա Խաչատրյանն ասում է, որ ծննդատներ փակելով՝ այդ նպատակը չի իրագործվի։ Ուստի նրա համար նախարարության հիմնավորումը բացարձակ սուտ է․ «Նախարարությունը ստում է, թե նպատակ ունի անարդյունավետ գործող ծննդատները փակելով՝ կանխել մանկական և մայրական մահացությունների թիվը։ Եթե այդպես է, ապա կան կենտրոններ, ծննդատներ, որտեղ այդ առումով վիճագրական տվյալները բավականին տխուր են։ Ապա ինչո՞ւ անդրադարձ չի կատարվում այդ հիվանդանոցներին, ինչո՞ւ դրանցում բարեփոխումներ չեն արվում։ Մինչդեռ փակում են մի ծննդատուն, որտեղ մանկական մահացության դեպք չի գրանցվել»։

Ի դեպ, խնդիրը քննարկելու համար երեկ Շիրակի մարզպետարանում առողջապահության նախարարության, Մարալիկի ծննդատան աշխատողների և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկում է անցկացվել, որը սակայն ավարտվել է առանց որևէ հստակ լուծում առաջարկելու։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել 1-2 օր համատեղ աշխատել խնդրի լուծման տարբեր ուղղություններով, որից հետո պարզ կլինի, թե ինչպես կհանգուցալուծվի Մարալիկի ծննդատան ճակատագիրը։

Թագուհի Ասլանյան