Ամերիկյան ահաբեկչությունը կհանգեցնի ԱՄՆ-ի պարտության

Տարվա սկիզբն ամերիկացիների կողմից վերածվեց ծիսական սպանության, և ոչ միայն իրանական լեգենդար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի: Հայաստանի քաղաքացիները զարմանքով տեղեկացան, որ սպանվել է նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև դավադրության հիմնական բացահայտողը՝ իրաքյան շիա Աբու Մահդի ալ-Մուհանդիսը` «Կաթաիբ Հեզբոլլահ» աշխարհազորային խմբավորման հրամանատարը: Նա նաև համաիրաքյան «Ալ-Հաշդ ալ-Շաբի» աշխարհազորի հրամանատարի տեղակալն էր: Իրանը գիտի, թե որն է իր որդիների նահատակությունը հանուն Հայրենիքի: Ինքս  Թեհրանի Ազգային պաշտպանության թանգարանում տեսել եմ, թե ինչպես են իրանցիները հիշում և հարգում իրենց զինվորականներին: Բայց Ամերիկային և Իսրայելին դիմակայելու գործը դադար չի հանդուրժում, չնայած այդ դադարն անխուսափելի է: Իրանում և Իրաքում հայտարարվել է եռօրյա սուգ, և պետք է տեսնել, թե քանի միլիոն շիաներ խոստացել են վրեժ լուծել մարդասպաններից: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ամերիկացի մեկ գեներալ (Թաունսենդ) արդեն սպանվել է…

ԱՄՆ պետական ահաբեկչության գործողությունը դատապարտվել է, գլխավորն այն է, որ դատապարտվել է Ռուսաստանի, Չինաստանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Դա ամենազարմանալին էր. ՄԱԿ-ը վաղուց է վարկաբեկվել, քանի որ գրեթե միշտ հնազանդորեն հետևում էր ԱՄՆ թելադրանքներին: «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի հրամանատարությունը Հադի ալ-Ամերիին՝ «Բադր» բրիգադի հրամանատարին, նշանակել է Աբու Մահդի ալ-Մուհանդիսի իրավահաջորդ: Այս հրամանատարը` մեծ այաթոլլահ Սեյեդ Ալի ալ-Սիստանիի կողմնակիցը, նույնիսկ ավելի իրանամետ է, քան հանգուցյալ ալ-Մուհանդիսը: Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին, մահացած Սուլեյմանիի փոխարեն բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանիին նշանակել է ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի նոր հրամանատար: Նախկինում Քաանին ծառայում էր այս ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնում: «Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Սուլեյմանիի մահից հետո ես հրամանատարությունը փոխանցում եմ բրիգադի գեներալ Քաանիին, որը Իրան-Իրաք պատերազմի ընթացքում ԻՀՊԿ նշանավոր հրամանատարներից մեկն էր»,- ասվում է այաթոլլահ Խամենեիի համապատասխան հրամանագրում: ԱՄՆ  ահաբեկչական գրոհը չհասավ իր նպատակին. Իրանում և Իրաքում չեն վախենում, ալ-Ամերին բազմիցս կռվել է ամերիկացիների հետ, իսկ Քաանին Սուլեյմանիի հետ աշխատել է ամենուր՝ Մերձավոր Արևելքում: Արդյո՞ք Վաշինգտոնում և Թել Ավիվում գոհ են մնացել: Հենց Իսրայելն է ահաբեկչական հարձակման պատվիրատուն, որին զոհ գնացին Սուլեյմանին և ալ-Մուհանդիսը:

Այաթոլլահ Խամենեիի բարձրագույն վստահությունն անցել է Սուլեյմանիի օգնականի և համախոհի ձեռքը, որը չափազանց մեծ կապ էր ունեցել գեներալ-մայոր Սուլեյմանիի և «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի բոլոր հաղթանակների հետ, և, հետևաբար, ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների պարտությունների հետ Մերձավոր Արևելքում, Վենեսուելայում, Աֆղանստանում և «հետագայում ամենուր»: ԻՀՊԿ-ի, ինչպես նաև «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի խնդիրները չեն փոխվել և չեն փոխվի, դրա ապացույցը՝ այաթոլլահ Խամենեիի հրամանագիրը: Սա նշանակում է ԻՀՊԿ բոլոր կառույցների, Իրանի զինված ուժերի, «Բասիջ» աշխարհազորի (Կորպուսի 5-րդ բաղադրիչը), հետախուզության և հակահետախուզության կառույցների և ծառայությունների գերբարձր մոբիլիզացիա, մոլորակի բոլոր շիական աշխարհազորայինների (Հնդկաստան, Պակիստան, Աֆղանստան և այլն) մոբիլիզացիա, և ոչ թե հուսալքություն ու պարտություն:

Աշխարհն սպասում է Իրանի «պատասխանին», շիաների «պատասխանին»: Հնարավոր է, որ այդ «պատասխաններն» արդեն «հնչում են». Իրաքում խորհրդարանը պաշտոնապես որոշել է, որ ԱՄՆ-ը պետք է լքի այդ երկիրը: Իսկ ամերիկացի գեներալ Թաունսենդի մա՞հը․ ո՞վ գիտի, թե ինչ էր դա… ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին նախազգուշացրել է. «Ղոդս» ուժերի հրամանատարին ահաբեկչության ենթարկելով՝ Վաշինգտոնը ռազմական գործողություն է սկսել, և ռազմական գործողությունների պատասխանը ռազմական է լինելու: Լինելու է կոշտ պատասխան գործողություն, «և մենք գործելու ենք մեր ընտրությամբ, իսկ այդ պատասխանը տալու վայրն ու ժամանակը որոշելու է Իրանը»: Բայց իրանագետ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նախազգուշացրել է, որ «Իրանի էական արձագանքը» այլ է լինելու, քան պարզապես «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը, և այն «մտածված է լինելու ամենախորքային մակարդակով»։ Ամերիկացիներն ստիպված կլինեն դուրս գալ մեր տարածաշրջանից, ներառյալ Անդրկովկասից, Իսրայելը ստիպված կլինի ավելի համեստ լինել և հիշել, թե ում է դատապարտված պարտվել քաղաքակրթական իմաստով: Թե ում և ինչ է ձեռնտու՝ հաշվարկելու ենք վեց ամսից կամ մեկ տարուց հետո, բայց ԱՄՆ-ը արդեն պարտվել է: Իսկ հունվարի  լույս 8-ի գիշերը Իրանն արդեն հասցրեց 14 հրթիռային հարված հասցնել ամերիկյան երկու բազաների վրա, կան տեղեկություններ, որ զոհվել են մոտ 80 մարդ, չնայած ԱՄՆ դա ժխտում է: Ըստ այաթոլլահ Խամենեիի, դա միայն մեկ ապտակն է ամերիկացիներին․ «Սպասենք, ցուցադրենք իրանական դիմացկունությունն ու համբերությունը»:

Սերգեյ Շաքարյանց