Ատելությամբ և չարությամբ երկար ճանապարհ չենք գնա․․․

Ընդամենը մի քանի օր է, որ տոնել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի Ծննդյան տոնը և դեռ տակավին Ծննդյան ութօրյա տոնակատարությունների մեջ ենք, բայց սրտի մեծ ցավով ենք նկատում, որ Մանուկ Հիսուսի մեզ բերած լույսն ու աստվածային սերը բույն չեն դնում մեր սրտում, չեն ընկալվում, գնահատվում ու արժևորվում մեր կողմից։

Դառնությամբ եմ նկատում մեր ներսում առկա ատելության ու չարության պակասելու միտում չունենալը…

Վերջին օրերին ատելության ու չարության մեծ դրսևորում է նկատվում հայ նշանավոր գրող Ռազմիկ Դավոյանի անձի (և ոչ միայն իր) նկատմամբ, ինչ է, թե մարդը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Երևի մեզանից պիտի իրավունք վերցներ, չէ՞…

Լավ սիրելի իմ ազգակիցներ, ինչո՞ւ ենք այսքան վատը դարձել։ Եթե մարդու սրտով անցել է շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, դա մեզ իրավո՞ւնք է տալիս վիրավորանքի ամենավերջին բառեր ուղղել իրեն։ Չէ՞ որ Ամանորն այն տոնն է, որ ամբողջ աշխարհն է շնորհավորում մեկը մյուսին, աշխարհի հոգևոր և քաղաքական առաջնորդները սեփական ժողովրդներին… և ոչ ոք անմասն չի մնում այդ շնորհավորանքներից ու մաղթանքներից։ Իսկ մենք կանգնել ենք մարդու վրա լուտանքներ ենք թափում իր շնորհավորանքի համար՝ մտածելով, որ երկրորդ նախագահը արժանի չէ այդ ամենին…

Եվ հիմա պահն է կրկին անդրադառնալու Մանուկ Հիսուսի մեզ բերած աստվածային սիրուն։ Ո՞ւր է այդ սերը, կա արդյոք այդ սերը մեր սրտերում։ Եթե լիներ, ներողամիտ ու հանդուրժող կլինեինք, ինչպես որ եղավ Հիսուս Իրեն խաչողների նկատմամբ։ Եթե լիներ, վայր կնետեինք մեր ձեռքի քարերը, ինչի մասին խոսեց Հիսուս, երբ մարդիկ ուզում էին քարկոծել անառակ կնոջը։ Եթե լիներ, այդ աստվածային սիրով մեր աչքից կհանեինք գերանը դիմացինի աչքի միջի շյուղը տեսնելու համար։ Եվ վերջապես եթե լիներ, աստվածային այդ սիրով ցիրուցան կանեինք մեր միջի ատելությունն ու չարությունը…

Ո՞ւր է աստվածային սերն ու հանդուրժողականությունը և ուր ենք մնացել մենք…

Սթափվե՛նք եղբայրներ, այս մտածողությամբ երկար չի լինի մեր ազգի ճանապարհը…

Ների՜ր մեզ Տեր, Քո Սուրբ անունը միայն մեր շուրթերին ունենալու և մեր սրտերում չունենալու համար։ Ների՜ր, Քո աստվածային սերը չգիտակցելու, չհասկանալու համար…

Տեր Եփրեմ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԵՆՔ ԳՆԱ…Ընդամենը մի քանի օր է, որ տոնել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի…

Опубликовано Տեր Եփրեմ Հարությունյան Среда, 8 января 2020 г.