Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ

Պարոն Ավետիսյան, հեղափոխական մեկուկես տարին հանրության համար բավականին հագեցած էր այն առումով, որ մենք զվարճանքի պակաս չունեցանք՝ ինչպես խոստացել էին քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները։ Ըստ նրանց՝ օրվա իշխանությունները հակված են հասարակությանը կերակրել զվարճանքով՝ շրջանցելով հացի մասին իրենց խոստումները։ Այսինքն՝ մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ խոստացված քայլերը դեռ չեն նշմարվում։ Թեև Կառավարությունը քայլեր ձեռնարկեց թոշակների, նվազագույն աշխատավարձերի ու նպաստների բարձրացման համար, բայց աղքատության հաղթահարման ուղղությամբ նշմարելի ձեռքբերումներ չկան։ Ինչպե՞ս կգնահատեք անցած տարին այդ առումով։

– 2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր աշխատավարձերի չափերի փոփոխության առումով: Օրվա իշխանությունները շարունակեցին իրենց հերթական խոստումը՝ առաջին հերթին և միջինից առավել բարձր տեմպերով ապահովել աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը: Իսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվեց ճիշտ հակառակ պատկերը: Մասնավորապես, 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: Իսկ 2020 թվականի պետական բյուջեում կանխատեսվող միջին աշխատավարձի աճը հավասար է գնաճին:

Ինչ վերաբերում է նվազագույն ամսական աշխատավարձի չափին, այն 2019 թվականին չի բարձրացել: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ են: 2020 թվականին նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա 23 տոկոսով, սակայն շուրջ 10 տոկոսի չափով կունենանք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճ:

Մյուս կողմից էլ՝ 2020 թվականին չի նվազելու մինչև 150 000 դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են: Փոխարենը՝ 2020 թվականին էապես նվազելու է բարձր վարձատրությամբ աշխատողների հարկային բեռը: Օրինակ՝ ամսական շուրջ 2,2 միլիոն դրամ վարձատրություն ունեցող նախարարի եկամտային հարկի բեռը կնվազի շուրջ 35 տոկոսով:

Պետական համակարգի վարձատրության ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացել և 2020 թվականին ևս մնալու է նույնը: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող աշխատողների աշխատավարձը չի բարձրանալու, և նրանց իրական եկամուտները կրճատվելու են սպասվող գնաճի հաշվին: Փոխարենը գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ՝ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, մարզպետ, նախարարի և մարզպետի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ և այլն) վարձատրությունը եռապատկվել է խնդրահարույց պարգևատրումների և ինքնապարգևատրումների հաշվին: Իսկ 2020 թվականին բարձրաստիճանների իրական եկամուտները կաճեն ևս 35 տոկոսով՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխությունների հետևանքով: Պատկերն ավելի առարկայական կդառնա բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական բյուջեից կատարվող ընդհանուր ծախսերի ներկայացման պարագայում:

Օրինակ՝ նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 794 հազար դրամ, ամսական միջինը ստանում է շուրջ 1,4 միլիոն դրամի չափով պարգևատրում, նրան սպասարկող վարորդի ամսական միջին վարձատրությունը կազմում է շուրջ 140 հազար դրամ, իսկ նրա ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսը՝ ամսական շուրջ 120 հազար դրամ: Փաստորեն, յուրաքանչյուր նախարարի համար պետական բյուջեից ծախսվում է ամսական շուրջ 2 միլիոն 450 հազար դրամ՝ նվազագույն ամսական աշխատավարձի շուրջ 30-ապատիկը: Ընդ որում՝ ներկայացված հաշվարկում ներառված չեն գործուղումների ծախսերը:

Ակնհայտ խնդիր են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալների» աշխատանքի պահպանվող ցածր որակն ու անպատժելիությունը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ:

Ամեն դեպքում, տպավորություն է, որ իշխանությունները փորձեր են անում սոցիալապես անապահով խավի համար էլ որոշակի բարեփոխումներ իրականացնել։ Երբ վարչապետին հարցնում են, թե ինչո՞ւ ավելի շատ չի բարձրացնում թոշակներն ու նպաստները, նա հակադարձում է, որ այդ դեպքում անկանխատեսելի  հետևանքներ կլինեն։ Օրինակ՝ անխուսափելի կլինի կտրուկ գնաճը։ Որքանո՞վ են հիմնավորված այդ պարզաբանումները, և արդյո՞ք հնարավոր չէ իսկապես ավելի կտրուկ բարեփոխումներով հաղթահարել աղքատությունը։

– 2020 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցների 60 տոկոսը (շուրջ 275 միլիարդ դրամ) պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ: Ինքնին դրական է, որ 2020 թվականին միջինը 10 տոկոսով բարձրացվել են կենսաթոշակները: Սակայն զուգահեռաբար առաջանում են նաև օբյեկտիվ հարցեր՝ համարժեք և բավարա՞ր են կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին: Եվ խոստացված բարեփոխումներն իրականացնելու դեպքում որքա՞ն պետք է բարձրանար կենսաթոշակը:

Բազմիցս ենք նշել՝ այս ոլորտում շարունակվում են չլուծված մնալ համակարգային խնդիրներ, որոնց լուծման խոստումները տեղ են գտել նաև գործող կառավարության ծրագրերում: Սակայն փաստն այն է, որ խոստացված այդ լուծումները կա՛մ հետաձգվում են ապաշնորհ կառավարման հետևանքով, կա՛մ էլ ենթարկվում են տրամաբանորեն հակառակ փոփոխությունների՝ պոպուլիստական հիմնավորումներով: Սրա հետևանքով առաջանում են պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների չափերի էական բարձրացմանը: Այդ լրացուցիչ ծախսերն ունեն աճի միտում, իսկ դրանց մի մասն էլ՝ կոռուպցիոն բնույթ: Եվ միայն իրավապահ մարմինների պայքարն այս ոլորտում առկա արատավոր երևույթի դեմ չի կարող փոխարինել համակարգային անհրաժեշտ բարեփոխումներին և ապահովել լիարժեք արդյունք:

Փաստացի շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժների հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքն է: Այս խնդրի համակարգային լուծման համար օրենքով նախատեսված էր մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը մեկնարկել է կառավարության որոշմամբ՝ դեռևս 2016 թվականի օգոստոսին: 2018 թվականի վերջին նոր ձևավորված կառավարության առաջարկով մեկ տարով հետաձգվեց աշխատանքային գրքույկների թվայնացումը: 2019 թվականն ավարտվեց և օրենքով սահմանված վերջնաժամկետը լրացավ, սակայն աշխատանքային գրքույկների թվայնացումը իրականացված չէ: Նաև պարզ չէ՝ կշարունակե՞ն արդյոք և ե՞րբ կավարտեն համակարգային այս բարեփոխումը: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն այս աշխատանքները կատարելու համար ունի 51 տարածքային կենտրոններ, 650 աշխատողներ և ուներ ավելի քան բավարար՝ երեք տարի ժամանակ: Խոսքը վերաբերում է շուրջ 600 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինը չի իրականացնում օրենքով իրեն վերապահված աշխատանքները՝ դրանց օբյեկտիվ անհրաժեշտությունը չկարևորելու և իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու հետևանքով:

Կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավելի վճարվող գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Ընդհանրական գնահատումներով կենսաթոշակային համակարգը կեղծ ստաժներից մաքրելու արդյունքում խնայվող պետական միջոցները բավարար կլինեն կենսաթոշակների միջին չափը շուրջ 10-15 տոկոսով բարձրացնելու համար:

Մյուս կողմից՝ օրվա իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլ նաև այս բաղադրիչը ընդլայնելու համար հատկացնում են լրացուցիչ պետական միջոցներ: Մասնավորապես, 2019 թվականին պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավելի գումար՝ 56 մլրդ դրամ: Իսկ 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորմանը պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը 2019 թվականի համեմատ կազմում է 14 միլիարդ դրամ:

Խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես՝ առնվազն 25 տոկոսով բարձրացնել կենսաթոշակների չափերը:

Փաստորեն՝ առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք և ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակների միջին չափը հնարավոր կլիներ 10 տոկոսի փոխարեն բարձրացնել շուրջ 50 տոկոսով:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը