Թրամփն իրականացրեց գեներալ Սուլեյմանիի սպանությունը Իսրայելի պատվերո՞վ (տեսանյութ)

Գեներալի սպանության մեջ խառն է Ադրբեջանի և Թուրքիայի մատը

2020 թվականը տարածաշրջանի համար սկսվեց մեծ լարվածությամբ: Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ գործողությունների  հետևանքով սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սուլեյմանին և Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալը, նաև մոտ 10 զինվորականներ:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց՝ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սուլեյմանիի և մյուս տառապյալների արյունը: Թեհրանը նաև հայտարարեց, որ մշակել է հակահարձակման 13 սցենարներ, իսկ Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մյուս կողմից հնչեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանը, թե Իրանում 52 թիրախների ուղղությամբ՝ արագ և ուժեղ հարված կհասցնեն, եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:

ԱՄՆ-ը նախագահը իր կողմից հրահանգված սպանության օպերացիան ներկայացրեց այսպես․ Սուլեյմանին  ծրագրել էր առաջիկա օրերին հարձակում գործել ամերիկյան օբյեկտների վրա և սպանել զգալի թվով ամերիկացի դիվանագետների, զինվորականների: Մինչդեռ Իրաքի ռազմական հետախուզությունը հերքում է, որ Սուլեյմանին չի ունեցալ նման ծրագիր: Ի՞նչ է տեղի ունենում, իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը՝ իրականացնելով Սուլեյմանիի սպանությունը։

Իրանագետ Սերգեյ Շաքարյանցը համոզված է՝ գեներալ Սուլեյմանի սպանության թիկունքում՝ ԱՄՆ գլխավարությամբ, կանգնած են երեք երկրներ՝ Իսրայելը, Ադրբեջանն ու Թուրքիան։

Մասնավորաբար, Իսրայելի դերակատարման հարցում համոզվելու համար, իրանագետը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Թրամփի իսրայելամետ քայլերն ու կայացրած որոշումները․ «Հիշեք թեկուզ դրանիցից մեկը․ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, մի բան, որ  տասնյակ տարիներ շարունակ չէր իրականացնում իսրայելասեր Բիլ Քլինթոնը»։

Տարածաշրջանը եռում է. այս իրավիճակում ինչպիսի՞ քաղաքականություն են իրականացնում տարածաշրջանային երկրները, մասնավորաբար, մեր երկիրը՝ Հայաստանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում