Ավարտվել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը Ստամբուլում

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների` Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկուկես ժամ տևած բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկատվություն  էր տարածել, որի համաձայն` կողմերը մտադիր են քննարկել ռուս-թուրքական համագործակցության զարգացմանն ուղղված հարցերն ու միջազգային խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:

Թուրք առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել սիրիական Իդլիբում խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերը, Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի կատարման հարցերը, ինչպես նաև Լիբիայում ստեղծված իրավիճակը:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել էր, որ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրումը: Նրա խոսքով` բանակցության մյուս կարևորագույն հարցը լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Ստամբուլ է ժամանել հունվարի 7-ին՝ Դամասկոսից, որտեղ հանդիպում էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: