Որքանո՞վ է հավանական Երրորդ համաշխարհայինը․ Իրանն ու ԱՄՆ-ը կնախընտրե՞ն հիբրիդային պատերազմը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն աննախադեպ էր այնքանով, որ սպանվածը սովորական գեներալ չէ, և նրա մահն էլ համապատասխան հետևանքն պետք է ունենար։ Ղասեմ Սուլեյմանին մեծ հեղինակություն ուներ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Մերձավոր Արևելքում։ Այնպես որ, պատահական չէր, որ նրա սպանությունից հետո հայտարարվեց՝ տեղի են ունենալու վրեժխնդրության գործողութուններ, Իրանը անպատասխան չի թողնելու ԱՄՆ ագրեսիան։ Սուլեյմանին հայտնի էր որպես Մերձավոր Արևելքում ահաբեկիչների ահուսարսափ, պայքարում էր ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ, նրա ջանքերով գրեթե չեզոքացվել էին մերձավորարևելյան բարդ տարածաշրջանում ԻՊ-ի գործողությունները։ Անդրադառնալով իրանցի գեներալի սպանությանը՝ նման տեսակետ հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Ղոդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում է անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիին:

62-ամյա բարձրաստիճան զինվորականը համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, որն առաջ էր տանում Իրանի շահերը Մերձավոր Արևելքում: Արևմտյան լրատվամիջոցները հաճախ նշում էին, որ հենց նա է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջամտել սիրիական ներքաղաքական պատերազմին, ինչն ամբողջովին փոխեց ուժերի դասավորությունը տարածաշրջանում: Հաստատելով ազդեցիկ գեներալի սպանության լուրը՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ռամեզան Շարիֆը հայտարարել է՝ այդ քայլն անպատասխան չի մնա. — «Ամերիկացիների ու հրեաների ուրախությունը երկար չի շարունակվի և շուտով կվերածվի սգի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը շուտով հաշվեհարդար կտեսնեն»:

Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» խմբավորումն իր հերթին կոչ է արել աջակիցներին դիմակայության դուրս գալ ողջ աշխարհով մեկ և վրեժ լուծել կատարվածի համար:

Ամերիկյան օդուժի հատուկ գործողությունը տեղի ունեցավ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին: Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Ամերիկյան օդուժի պատասխան գործողության զոհ էին դարձել իրանամետ զինյալ խմբավորումներից մեկի 25 ներկայացուցիչներ: Հաջորդ օրը հարյուրավոր ցուցարարներ գրոհել էին Բաղդադում ամերիկյան դեսպանատունը և երկու օր այն պահել պաշարման մեջ: Վաշինգտոնը հավելյալ 750 զինվոր էր ուղարկել տարածաշրջան, պաշտպանության նախարար Մարկ Էսպերն էլ պնդել էր՝ խաղի կանոններն այլևս փոխվել են:

«Բաղդադում իրականացրած գործողության նպատակն էր կանխել Իրանի հետագա հարձակումները»,- հայտարարել է Պենտագոնը, մանրամասնելով՝ «գեներալ Սուլեյմանին ակտիվորեն ծրագրում էր հարձակումներ ամերիկացի դիվանագետների և զինվորականների դեմ՝ Իրաքում և ողջ տարածաշրջանում: Դրանք կանխելու հատուկ գործողությունն իրականացվել է նախագահ Թրամփի հրամանով»:

Փորձագետները փաստում են, որ սա Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարված հարաբերությունների ամենալուրջ միջադեպն է վերջին մի քանի տասնամյակում, ինչը մտահոգությունների ալիք է բարձրացրել ողջ աշխարհում: «Վերջին շաբաթներին սկսված բռնությունների ու սադրանքների ալիքին պետք է վերջ տրվի, հետագա լարվածությունը՝ ամեն գնով կանխվի»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը:

Ռազմական գործողությունը քննադատել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք եվրոպացիների հետ փորձում էին պահպանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված պայմանագիրը. «Կոչ ենք անում կողմերին, հատկապես Միացյալ Նահանգներին, զսպվածություն պահպանել իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունը:

Ռուսաստանը պնդել է՝ Սոլեյմանիի սպանությունն անխոհեմ քայլ էր. «Տարածաշրջանում լարվածությունը խորացնելուց և միլիոնավոր մարդկանց վնասելուց բացի, այն որևէ այլ արդյունքի չի հանգեցնի», — Facebook սոցիալական ցանցում գրել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք արթնացանք առավել վտանգավոր աշխարհում», — իր հերթին պնդել է Ֆրանսիայի փոխարտգործնախարար Ամելի դը Մոնշալընը՝ մանրամասնելով՝ «տեղի է ունենում այն, ինչից ամենաշատն էինք վախենում՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունն ավելի է խորանում»:

Ընդ որում, Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է՝ նախագահ Մակրոնը ծրագրում է խոսել կողմերի հետ՝ լարվածության խորացումը կանխելու համար: Մինչ այդ՝ այսօր առավոտյան, Պետդեպարտամենտը հորդորել է Իրաքում գտնվող ամերիկացիներին հեռանալ երկրից:

Փորձագետները փաստում են, որ դրամատիկ այս զարգացումները կարող են ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ամերիկյան օդուժի հարվածներից  անմիջապես հետո նավթի գները համաշխարհային շուկայում աճել են չորս տոկոսով:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Ամերիկյան կողմը հաստատել է, որ այդ սպանությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ՝ այդպիսով ստանձնելով սպանության և իրանաամերիկյան հարաբերությունների հետագա սրացման պատասխանատվությունը։ Չուշացավ նաև Իրանի պատասխանը։ Այսօր գիշերը հրթիռակոծվել է Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը։ Այդ գործողության պատասխանատվությունը ստանձնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Ըստ որոշ աղբյուրների՝ ռմբակոծվել է նաև Իրաքի քրդաբնակ հյուսիսային շրջանում գտնվող Էրբիլ քաղաքում տեղակայված ԱՄՆ հյուպատոսությունը և Միացյալ Նահանգներին պատկանող այլ տարածքներ։ Իրանագետ Գարիկ Միսակյանի տեղեկացմամբ՝ իրանական լրատվամիջոցները փաստում են երեք տասնյակից ավելի հրթիռներ բաց թողնելու մասին՝ նշելով, որ դրանց մեծ մասը հասել են իրենց նպատակակետերին։ Պաշտոնական Իրանը նաև հայտարարել է, որ այդ քայլով նախազգուշացնում է մեծ սատանային, արատավոր ամերիկյան ռեժիմին այն մասին, որ հետագա ցանկացած ագրեսիային Իրանը կհակազդի ավելի ցավոտ ու դաժան պատասխանով։

Իրանը նաև հայտարարել է՝ եթե որևէ երրորդ երկրից Իրանի ուղղությամբ հարվածներ լինեն, ապա Իրանը պատասխանելու է հենց այդ երկրին՝ ԱՄՆ-ից բացի։ Իր թվիթերյան էջում հայտարարությամբ հանդես է եկել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գրելով, որ Իրանը ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում է պատասխանել ԱՄՆ-ին, այսինքն՝ հարվածել են այն բազային, որտեղից ռմբակոծվել է Սուլեյմանի մեքենան։

Իրանի արտգործնախարարը մասնավորապես գրել է․«Իրանը նախաձեռնել է համաչափ պատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով բազային, որի կողմից վախկոտ հարձակում էր կատարվել մեր քաղաքացիների և բարձրագույն պաշտոնատար անձանց նկատմամբ։ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հարձակման պատճառով:

Այս մասին գրել է  Reuters գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitterում նշել է, որ ամեն ինչ կարգին է․ «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվն ու վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Մենք ունենք մինչ օրս ամենահզոր և ամենահագեցած ռազմաբազան։ Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան»:

Խոսելով տարածաշրջանում այս հակամարտության հնարավոր զարգացումների մասին՝ Ահարոն Վարդանյանն ասաց, որ արդեն իսկ ակնհայտ է այդ լարվածության ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ ռմբակոծվեց երրորդ՝ հակամարտության հետ կապ չունեցող երկիր։ Դա հիբրիդային պատերազմի դասական դրսևորում է․ երկու երկիր միմյանց հետ պատերազմում են երրորդ երկրի տարածքում։ Իրանագետը չբացառեց, որ հակամարտության աշխարհագրական տարածքները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով այլ երկրներ՝ Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, առավել ևս, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, եթե Իրանի կամ իրանական օբյեկտների  ուղղությամբ ամերիկյան հարձակում լինի, իրենք հարվածելու են Դուբային, Թել Ավիվին։

Հայաստանը գտնվելով անմիջականորեն Իրանի հարևանությամբ, կարող է ակամա ներքաշվել այդ գործողություններում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ իրանական կողմից տարածված տեսագրությունը, ըստ որի՝ իրանական հակահետախուզությունը բացահայտել էր ամերիկյան հետախուզության գործողությունները նաև Հայաստանում, կարող են հիմնավոր լինել։ Այսպիսի կարծիք հայտնեց Ահարոն Վարդանյանը։

«Այս առումով հայկական կողմը պետք է չափազանց զգուշավոր լինի, նախաձեռնողական քաղաքականություն վարի, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր ձևաչափերով և կարողանա ստեղծված իրավիճակից խելամիտ ելք գտնել»,- ասաց փորձագետը։

Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ խոսեց տարածաշրջանում այդ հակամարտության տնտեսական հետևանքների մասին։ Սուլեյմանի սպանությունից մի քանի ժամ անց արդեն իսկ միջազգային շուկայում կտրուկ բարձրացավ նավթի գինը՝ միջազգային ընկերությունների համար խնդիրներ առաջացնելով։

Փորձագետները հնարավոր են համարում, որ տարածաշրջանում լարված իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը։

«Ղասեմ Սուլեյմանի դեմ գործողությունը, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերով, ղեկավարված լինի հենց Ադրբեջանից։ Ինչո՞ւ։ Մի քանի անգամ տարբեր լրատվական հարթակներից հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ գործողությունների  համար։ Իսկ Սուլեյմանի սպանությունը հենց նման գործողություն է՝ ուղղված Իրանի դեմ։ Եթե չեմ սխալվում, Ղասեմ Սուլեյմանի հետ զոհված  շիայական «ալ-Խաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը սեպտեմբերին հայտարարել էր, որ ավելի վաղ Հաշտ ալ շահաբի դիրքերի վրա հարձակումը կատավել էր Ադրբեջանից։ Այս տարբերակը չպետք է բացառել։ Մենք գիտենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակաիրանական դիրքորոշումը և թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Նրանք փորձում են օգտվել ցանկացած իրավիճակից՝ Իրանին վնասելու համար»,- ասաց Ահարոն Վարդանյանը։

Որոշ փորձագետներ կանխատեսում են, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացումը կարող է սկիզբ դնել Երրոդ համաշխարհային պատերազմին։ Փորձագետը չբացառեց գործողությունների զարգացման այդ սցենարը՝ ասելով, որ երկրորդ համաշխարհային պատերազմը ևս անկանխատեսելի էր։ Թեև հույս հայտնեց, որ այս լարվածությունը երրորդ համաշխարհայինին չի հանգեցնի, քանի որ մեր օրերում պետություններն ավելի շատ դիմում են հիբրիդային պատերազմներին՝ փորձելով հնարավորինս քիչ կորուստներով հաջողությունների հասնել։

Թագուհի Ասլանյան