Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ:  Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ «Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737» ինքնաթիռի կործանման շատ ցավալի լուր: Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինական ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: