Պետությունն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած զորակոչիկներին 6 ամսվա աշխատավարձ է պարտք

2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 26 ծառայողներ արդեն մի քանի ամիս աշխատում են առանց վարձատրության։ Պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը 2019թ․ բյուջեն հաստատելիս, դրա համար անհրաժեշտ գումարը բյուջեում չի ներառել։

Այս մասին նշված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներառված որոշման նախագծում։

«2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա արդարադատության նախարարի կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 26 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման համար վճարման ենթակա գումարները ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում»:

Ստեղծված իրավիճակին լուծում տալու համար կառավարությունն այսօր որոշեց այլընտրանքային ծառայողներին պետության պարտք մնացած գումարների վճարման համար 2019թ․ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 8 250 000 դրամ։

Նշենք, որ 1 ծառայողի 1 ամսվա ծառայության գումարը կազմում է շուրջ 30 000 դրամ։

Որոշումը կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկումների։