Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ մասնագետների ուսման վարձերն այս տարի կփոխանցի կառավարությունը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2019-20թթ. ուսումնական տարում Հայաստանի բուհերում ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցմամբ սովորելու իրավունք կստանան այն մասնագիտություններն ընտրած ուսանողները, որոնց կարիքը ՀՀ տնտեսությունն այսօր ունի։

Նա նշեց, որ այդ նպատակով ընտրություն է կատարվել առաջնային կարևորություն ներկայացնող ռազմավարական ոլորտներում` բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, գյուղատնտեսության և այլն։

«Նպատակն է աջակցել ՀՀ տնտեսության կարիքների համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստման գործընթացին»,– ասաց նախարարը։

Հարությունյանը նաև նշեց, որ այս ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցման իրավունքից կօգտվեն 2600 բակալավր, 1300 մագիստրոս և 140 ասպիրանտ։

Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացողները, նախարարի խոսքով, կկազմեն բուհական համակարգի սովորողների ընդհանուր թվի շուրջ 15 տոկոսը։

Արայիկ Հարությունյանը նաև ցանկություն հայտնեց, որ հաջորդ տարիների համար գերատեսչություններն իրենք կառավարությանը ներկայացնեն իրենց անհրաժեշտ մասնագետների վերաբերյալ հաշվարկներն ու, դրանց համապատասխան, պետպատվերից օգտվելու ենթակա ուսանողների վերաբերյալ հայտեր ներկայացնեն բուհերին։