Հայաստանում ռուսաստանյան օդային ռազմակայանը կվերազինեն Սու-30ՍՄ ինքնաթիռներով (տեսանյութ)

«Էրեբունի» օդանավակայանում (Հայաստան) տեղակայված ռուսաստանյան 3624-րդ ավիաբազային կմատակարարվեն 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ, որոնք կփոխարինեն ներկայումս սպառազինության մեջ գտնվող ՄիԳ-29 կործանիչներին։ Ծրագրվում է մատակարարել, ընդհանուր առմամբ, 18 մեքենա։ Այս մասին ապրիլի 23-ին ՏԱՍՍ-ին հաղորդել է ռուսաստանյան ռազմական գերատեսչության աղբյուրը։

«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ-ով ծրագրվում է սկսել արդեն հաջորդ տարի,-ասել է գործակալության զրուցակիցը։- Ինքնաթիռների մատակարարումը կանցկացվի երկու փուլով, 2020-2021 թվականներին։ Նախատեսվում է Սու-30ՍՄ-ով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնցով ներկայումս թռչում են ավիաբազայի օդաչուները»։

Նրա խոսքերով, ինքնաթիռների հավաքակազմի նորացումը ծրագրվում է անցկացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի կողմից ըստ նշանակության խնդիրների կատարումը, քանի որ թռիչքակազմը պետք է նոր մեքենայի կառավարման ուսուցման ծրագիր անցնի։

«Երբ ինքնաթիռները սկսեն մատակարարվել, թռիչքակազմի մի մասը վերապատրաստման կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն, մյուս մասը կշարունակի ծառայությունն ավիաբազայում»,- հայտնել է աղբյուրը։

Սու-30ՍՄ-ը (սերիական, արդիականացված) 4++ սերնդի երկտեղ գերմանևրունակ կործանիչ է։ Սարքավորված է հզորացված ԱԼ-31ՖՊ երկխցային տուրբոռեակտիվ երկու շարժիչներով՝ քարշուժի կառավարելի վեկտորով։ Ինքնաթիռի մարտական գործողության շառավիղը կազմում է 1500կմ, թռիչքի տևողությունն առանց վերալիցքավորման՝ 3,5 ժամ։