Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ժողովրդին. Արմեն Աշոտյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

– Ուղիղ մեկ տարի առաջ հանդիպեցին Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Շատերի կարծիքով՝ դա պատմական հանդիպում էր՝ հաշվի առնելով պետության, պետականության շահը:

– Իհարկե, պատմական էր, և՛ որպես փաստ, որովհետև դա նաև այն ժամանակվա գործող իշխանությունների կողմից այն ցանկության արտահայտումն էր, որ պետք է առավելագույնս խուսափել բախումներից, և խնդիրը լուծել բացառապես քաղաքական հարթության մեջ՝ առանց ուժի կիրառման, և՛ որպես երևույթ, այո՛, այդ հանդիպումը պատմական էր: Առհասարակ անցյալ տարվա այս օրերը պատմական են, ուրիշ հարց է, թե պատմության տեսանկյունից ինչպես են հիշվելու, ոչ թե այսօրվա տեսակետից, երբ այդ օրերի գլխավոր հերոսներն իշխանություն են և փորձում են ամեն կերպ սեփական հաջողությունը ամրագրել անգամ պետական տոնացույցում:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Ես չեմ կարծում, դա փաստ է. քաղաքացու օր, ինչպես ասում են իմ շատ գործընկերները, պետք է ամեն օր լինի: Քաղաքացու օր՝ այն հիմնավորմամբ, որ այդ օրն իրենք արել են իշխանափոխություն, նշանակում է անվստահ լինել սեփական քաղաքական ապագայի մեջ:

– Դուք միայն ձեզ եք պատկերացնում իշխանության:

– Ես բացարձակ միայն մեզ չեմ պատկերացնում, և խոսքն այդ մասին չէ: Տպավորություն է, որ մարդիկ չեն սպասում պատմության առջև քննություն հանձնեն, և մեկ տարին չբոլորած՝ ինչ-որ գեղեցիկ փաթեթավորմամբ ուզում են տոնացույցում ամրագրել իրենց անձնական հաջողությունը… Եթե հանենք ընկալումների այն արհեստական շղարշը, որ այսօր կա, ապա նոնսենս է, աբսուրդ է այս տոնը՝ այն էլ շարժական… Պատմությունը կասի՝ այդ օրն ինչպիսին էր:

– Ձեր աչքերով՝ Հայաստանում ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում:

– Անցյալ տարի ապրիլի 22-ին ես գործերով մեկնում էի Բրյուսել՝ այն հույսով, որ հանդիպումից հետո ավելի խաղաղ կլինի ընթացքը: Հետո իմացա, որ Հայաստանում իրադարձություններն ավելի բուռն են ընթանում, քան կանխատեսվում էր, և ստիպված վերադարձա: Երբ որ ես մեկնում էի, մարդկանց դեմքին կար ուրախություն, կար չարախնդություն և կար հույս, իսկ այսօր՝ 2019թ. ապրիլի 22-ին, 23-ին դուք չունեք այն Երևանը, մարդկանց այն դեմքերը, որ կային մեկ տարի առաջ: Չեմ կարծում, թե դա միայն իմ աչքերով է. համատարած հույսը, բերկրանքը չկա:

– Այսինքն՝ բան չի՞ փոխել:

– Ես նման բան չեմ ասի, ես այդպես չեմ մտածում: Փոխվել է, բաներ կան, որ տեսանելիորեն դեպի վատն են փոխվել, օրինակ՝ մեր տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը: Օրինակ՝ հերթական տարելիցին Ցեղասպանության օրվա հիշատակման հետ կապված հիշո՞ւմ եք մի տարի, երբ որ այդ մասին ընդհանրապես չլինի քաղաքական լրահոս: Ուզում եմ ասել, որ ամենասկզբում գուցե այդքան տեսանելի չէր, բայց այս կառավարությունը նարցիսիզմի, պոպուլիզմի, դիլետանտիզմի դժոխային խառնուրդ է: Եվ դժոխքը միայն մեզ համար չէ:

Կան ոլորտային նախաձեռնություններ, որոնք ողջունելի են: Օրինակ՝ կրթության և գիտության նախարարության և մշակույթի նախարարության համատեղ մշակութային կրթության պրոյեկտը լավն է, ժամանակին ես էլ եմ նման բան մտածել, անգամ նախահաշիվն էլ կա… Լավ է, որ դա սկսել են անել, մենք մի քիչ ուրիշ ձևով կանեինք, նկարները չէինք տանի դպրոցներ, բայց համերգներ, օրինակ, լավ է, որ սկսել են տանել: Բայց ոչ մի ոլորտում այսօր կառավարության ղեկավարը չունի հստակ զեկուցելու, ասելու, հաջողության ուղղությունը ցույց տալու հիմնավորում:

– Դուք ի՞նչ վիճակագրությունից եք օգտվում:

– Ես օգտվում եմ պետական վիճակագրությունից, վարչապետի հանրային խոստումներից: Ն. Փաշինյանը, վերանշանակելով շատ լավ, պրոֆեսիոնալ կադրերին՝ վիճակագրական կոմիտեի նախագահին ու գրեթե ամբողջ խորհուրդը՝ հաստատեց, որ ՀՀԿ-ի օրոք եղած վիճակագրությունը ճիշտ էր, կեղծիք չէր, կամ ինքն էլ է ուզում, որ այդ մարդիկ իր համար կեղծիք անեն: Տվյալները ցույց են տալիս, որ 2018թ. բյուջեն թերակատարվել է: Ն. Փաշինյանը նման է մի մարդու, ով թղթերի ամբողջ փաթեթի մեջ մի պոզիտիվ թիվ ուզում գտնել ու արագ «Ֆեյսբուքում» այդ մասին գրել:

ՀՀԿ-ն այս մեկ տարվա մեջ Հայաստանում իր համար գտել է քաղաքական գործունեության հենարան, առաքելություն, քաղաքական գործունեություն իրականացնելու համար ուժ, կամք: Մենք չորրորդն ենք որպես քաղաքական ուժ: Հերթական իշխանափոխությունից հետո, ես վստահ եմ, որ մամուլը հեղեղվելու է սկանդալային պատմություններով, թե իրականում ինչպես են անցել 2018թ. դեկտեմբերյան ընտրությունները, ինչ վարչական ռեսուրս է կիրառվել և այլն:

– Հարգելի՛ Աշոտյան, եթե դուք տվյալներ ունենայիք, վաղուց կհրապարակեիք:

– Էրեբունիում, որտեղ ես առաջադրված էի որպես թեկնածու, ստացել եմ շատ մեծ թվով ձայներ՝ փակելով այն մարդկանց բերանը, ովքեր պատգամավոր դարձան ինձանից քիչ ձայներ ստանալով… Ես ամենաշատ ձայներ հավաքած 100 թեկնածուներից եմ:

– Իշխանությունը թողած ուժը պետք է թայմաութ վերցնի, վերակազմավորման մասին մտածի: ՀՀԿ-ն չարեց այդ քայլը, և այսօր անցել է նախահարձակման՝ նկատի ունեմ տարբեր առիթներով սոցցանցերում ձեր քաղաքական ակտիվությունը:

– Կարող եմ, չէ՞, չհամաձայնել: Ձեր ասած սխեման տրադիցիոն է: Բայց Հայաստանում ինչ տեղի ունեցավ, ամբողջությամբ արտահերթ էր, էքսպրեսիան շատ էր, հերթական չէր: Արտահերթը հորինել է մի մարդ՝ Նիկոլ Փաշինյանն է, խորհրդարանական ընտրությունները առաջ է բրթել մի մարդ՝ Ն. Փաշինյանն է, դեկտեմբերին ԱԺ-ի վրա աննախադեպ ճնշում է գործադրել մի մարդ՝ Ն. Փաշինյանն է:

– Մի մարդը չէր կարող նման ճնշում գործադրել:

– Մնացած բոլորին Նիկոլ Փաշինյանն օգտագործել է: Ժողովուրդն ուզո՞ւմ էր արտահերթ ընտրություն:

– Ձեր քաղաքական տրամաբանությանը մի՛ դավաճանեք:

– Իմ քաղաքական տրամաբանությունը շատ հստակ է. Փաշինյանն ինչ ուզում էր՝ ասում էր ժողովրդի անունից… Մի անձի թատրոն է, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը կախված է մի անձից, և այդ անձը Նիկոլ Փաշինյանն է: Անգամ անձամբ վարչապետն է այդ մասին խոստովանել՝ եթերներից մեկում ասելով՝ ես չեմ կարող բոլորի տեղն աշխատել, կարո՞ղ է ես շատ եմ ստվերում մյուսների աշխատանքը:

Անդրադառնամ ձեր բուն հարցին՝ ՀՀԿ-ն դիրքերը պահելով՝ միաժամանակ վերադասավորվում է, քաղաքական առաջնագիծը չենք զիջել, պահում ենք: Մենք այլևս պաշարված ամրոց չենք, ինչպես ամիսներ առաջ, բայց հակահարձակման չենք անցնում: Հայաստանին սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերները շատ ավելին են, քան տղայական գայթակղությունը՝ քաղաքականությունը վերածել բոքսի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ 1in.am