Առաջարկում եմ նոր մոդել. Ներդրումային ծրագրերը չեն կարող լրջորեն փոխել տնտեսության վիճակը

Մասնագիտությամբ ինժեներ Հրայր Մելքոնյանն 1in.am-ի հետ զրույցում առաջարկում է երկրի տնտեսության զարգացման նոր մոդել։

Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկվել ու առաջարկվում են տնտեսության զարգացման և ճգնաժամային երևույթները հաղթահարելու ձևեր ու մեթոդներ, սակայն հիմնականում բոլորը որպես հիմնական ռեսուրս դիտարկում են օտաերկրյա ներդրումները. «Օտարերկյա ներդրումներով և ներդրումային ծրագրերով կարելի է ընդամենը ինչ-որ ճյուղի կամ ձեռնարկության համար մասնավոր խնդիր լուծել, բայց ոչ ավելին, քանի որ ներդրումային ծրագրերի գերխնդիրը բիզնես շահերի սպասարկումն է»։

Հրայր Մելքոնյանն ուսումնասիրել է նաև միջազգային փորձը և առաջարկում է ստեղծել ՀՀ շրջանառու ներդրումային հիմնադրամ. «Այս հիմնադրամի շահառուները ՀՀ քաղաքացիներ են, հիմնադրամի միջոցները օգտագործվում են միայն ներդրումային նպատակներով, հիմնադրամ է, որի ներդրումային ծրագրերի համար միջոցների վերադարձելիությունն ու շահութաբերությունը պարտադիր պայմաններ են։ Սա հիմնադրամ է, որի գործառույթները անկախ են, չեն թելադրվում ԱՄՀ, կամ նմանատիպ այլ կառույցների կողմից և բխում են միայն իր շահառուների շահերից»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան