Վաշինգտոնը կես տարի շարունակ անպատասխան է թողնում Ռուսաստանի առաջարկները

Ինչպես հայտնի դարձավ ապրիլի 19-ին, ԱՄՆ-ն անտեսել է, միջուկային զինանոցների պահպանումով հանդերձ, միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին պայմանավորվածությունները հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։

Պարզվում է, Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է բարձրագույն մակարդակով ընդունել համատեղ հայտարարություն՝ միջուկային պատերազմ թույլ չտալու և ռազմավարական կայունությունն ամրապնդելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթի նախագիծն ամերիկյան կողմին է փոխանցվել դեռևս 2018թ. հոկտեմբերին։ Այնտեղ ասվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։ Համանման հայտարարություններ նախկինում ընդունվել են «սառը պատերազմի» ժամանակ, Լեոնիդ Բրեժնևի օրոք։ Ռուսաստանի նոր նախաձեռնությանն ԱՄՆ-ը չի պատասխանել առ այսօր։

ՌԴ և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարության՝ ռուսաստանյան կողմի պատրաստած նախագծում, ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների, առաջարկվում է արձանագրել երկու կողմերի մտադրությունը՝ գործելու այնպես, որ խուսափեն ռազմական առճակատումից և բացառեն միջուկային պատերազմի հնարավորությունը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն միջուկային զենքի պատահական կամ չարտոնագրված կիրառումը կանխարգելելու համար։ Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 21-23-ին Մոսկվա այցելեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը ռուսաստանյան իշխանություններին պարզաբանեց Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումը։ Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակել էին նոր «Միջուկային քաղաքականության տեսություն» (Nuclear Posture Review), որից հետևում է, որ, Վաշինգտոնի կարծիքով, գերտերությունների միջուկային մրցակցության դարաշրջանը վերադարձել է։ Ընդ որում, իբր իր ընդդիմադիրներին՝ Ռուսաստանին ու Չինաստանին դիմակայելու համար ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են ֆինանսավորել հին զինատեսակների արդիականացումը (ներառյալ ծովային տեղակայման Tomahawk թևավոր հրթիռները՝ միջուկային լիցքով) և նորերի ստեղծումը (նախևառաջ փոքր հզորության միջուկային մարտագլխիկը՝ Trident D5 ծովային բալիստիկ հրթիռների համար)։

Ռուսաստանը 2018-ին նույնպես հայտարարեց իր ռազմական ներուժի հզորացման մասին, այդ թվում՝ ռազմավարական ոլորտում։ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նախազգուշացրեց, որ հենց ԱՄՆ-ն է իջեցնում միջուկային զենքի կիրառման շեմը, և արտահայտվեց միջուկային պատերազմ թույլ չտալու վերաբերյալ դեռ «սառը պատերազմի» շրջանում ընդունված փաստաթղթերի վերահաստատման օգտին։

«Մենք ամերիկացիների հետ դեռ խորհրդային ժամանակներից ունեցել ենք երկու լուրջ հայտարարություն, որտեղ արձանագրվում էր, որ միջուկային պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել և հետևաբար այն չպետք է տեղի ունենա, վատ չէր լինի ներկայիս պայմաններում հաստատել այդ թեզը»,- պաշտոնապես հայտարարել է Լավրովը Բոլթոնի այցից ոչ շատ առաջ։

Ներկայումս արդեն պարզ է, որ Մոսկվան դեռ այն ժամանակ ուներ այդպիսի հայտարարության պատրաստի նախագիծ։ Խոսելով խորհրդային ժամանակների հայտարարությունների մասին, Լավրովը, ըստ երևույթին, նկատի ուներ «ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի առաջացման վտանգի նվազեցման» անժամկետ համաձայնագիրը (1971թ.) և «Միջուկային պատերազմի կանխման համաձայնագիրը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև» (1973թ.)։ Առաջինում արձանագրվում էր, որ միջուկային պատերազմը «ավերիչ հետևանքներ» կունենա ողջ մարդկության համար, ուստիև կողմերը պարտավորվում էին գործադրել բոլոր ջանքերը՝ այդպիսի պատերազմի առաջացման վտանգը կանխելու համար, մասնավորապես՝ միջոցներ ձեռնարկել միջուկային զենքի պատահական կամ չարտոնագրված կիրառումը կանխարգելելու ուղղությամբ։

Բրեժնևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված երկրորդ համաձայնագրում Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել էին «գործել այնպես», որպեսզի կանխեն իրենց  հարբերությունների վտանգավոր սրում առաջացնելու ընդունակ իրավիճակների ի հայտ գալը, խուսափեն ռազմական առճակատումներից և բացառեն միջուկային պատերազմի առաջացումը միմյանց և այլ երկրների դեմ կողմերից յուրաքանչյուրի միջև։

1985թ․ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի առաջնորդներ Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը Ժնևում հանդիպման արդյունքներով ընդունեցին հայտարարություն, որում ասվում էր. «Միջուկազին պատերազմն անթույլատրելի է», քանի որ «դրանում չեն կարող լինել հաղթողներ»։

«Այդ հայտարարությունն ազդանշան դարձավ միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցման, սպառազինության նկատմամբ վերահսկողության շուրջ կառուցողական բանակցությունների մեկնարկի, միջազգային լարվածության լիցքաթափման համար,-«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հատարարել է Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի նախագահ, ՌԴ ԱԳՆ նախկին ղեկավար (1998-2004 թթ.) Իգոր Իվանովը։- Այսօր աշխարհում իրավիճակը շատ ավելի բարդ է, քան անցած հարյուրամյակի 80-ական թվականներին, իսկ միջուկային բախման սպառնալիքը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սառը պատերազմի տարիներին ստեղծված միջուկային զսպման մեխանիզմները գործնականում կորսված են։ Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա աշխարհը կարող է արժանանալ Փարիզի Աստվածամոր տաճարի ողբերգական ճակատագրին»։

Իգոր Իվանովի խոսքերով՝ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որպես առաջատար միջուկային տերություններ, առանձնահատուկ պատասխանատվություն են կրում խաղաղության պահպանման համար, և հենց նրանք պետք է նախաձեռնեն միջազգային հարաբերությունների կառավարելիության վերականգնման գործընթացը»։

Ապրիլի 18-ին համանման հայտարարություններով հանդես են եկել նաև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնաթող անձինք։ 1982-89թթ. ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Շուլցը, 1994-97թթ. պաշտպանության նախարար Ուիլյամ Պերին և 1972-97թթ. սենատոր Սեմ Նաննը համատեղ հանդես են եկել «The Wall Street Journal» ազդեցիկ թերթում, նշելով, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում «առաջացել է վտանգավոր քաղաքական կաթված, որը սխալի կամ վրիպման արդյունքում կարող է հանգեցնել ռազմական առճակատման և միջուկային զենքի հնարավոր կիրառման»։ Նրանք նաև առաջարկել են Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին՝ «հանդես գալ համատեղ հռչակագրով, որը հաստատում է, որ միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել, և որ այդպիսի պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի»։

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղար Անդրեա Կալանը պատասխանելով Ռուսաստանի առաջարկությանը Վաշինգտոնի արձագանքի բացակայությունը մեկնաբանելու «Կոմերսանտի» խնդրանքին, ապրիլի 18-ին ասել է ընդամենը հետևյալը․«ԱՄՆ-ն առաջվա պես կողմնակից է սպառազինությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, որը նպաստում է Միացյալ Նահանգների, իր դաշնակիցների և գործընկերների անվտանգությանը, ենթարկվում ստուգման և կատարման, ներառում գործընկերների, որոնք պատասխանատվությամբ կատարում են իրենց պարտավորությունները»։ Այնուհետ նա հավելել է. «Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի հետ այդ չափանիշներին համապատասխանող սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների»։ Եվ օրինակ է բերել ապրիլի 3-12-ին Ժնևում տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունները ռազմավարական հարձակողական զինատեսակների  (СНВ-3) հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի վերաբերյալ։

Անկեղծ ասած, դժվար է լուրջ հիմք համարել ընդամենը ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղարի հայտարարությունը, քանի որ ԱԳՆ-ից ոչ ցածր մակարդակով փոխանցված առաջարկներին պարտավոր է պաշտոնապես պատասխանել այն երկրի ԱԳՆ-ը, որին հասցեագրված են այդ առաջարկությունները։ Տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը։ Սակայն Վաշինգտոնից պատասխան չի հնչում արդեն 6 ամիս։ Այժմ մարդկությանը հայտնի է, թե ով է դեմ խաղաղությանը միջուկային դարաշրջանում։

 

Սերգեյ Շաքարյանց