Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ՔԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին:

Նախնական քննության տվյալների համաձայն, սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ անապահով ճանաչված նպաստառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն, աշխատակիցը Սիսիան քաղաքի բնակչի հերթական տարեկան փաստագրման փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գիտակցելով, որ վերջինիս ընտանեկան նպաստ նշանակելու անապահովության միավորը բավարար է, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, անհիմն պատճառաբանությամբ նշել է, թե անապահովության միավորը ցածր է և դեռևս 1999 թվականից անապահով ճանաչված ընտանիքին նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց իր աշխատասենյակում քաղաքացուն անձամբ առաջարկել է իրեն տալ տարեկան 2 ամիսների նպաստի գումարները:

Ստանալով վերջինիս համաձայնությունը, 2009-2014 թթ․ քաղաքացուց անձամբ յուրաքանչյուր տարի, գարնան և ամռան ամիսներին սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության շենքում ստացել է ընդհանուր 422 000 դրամ գումար։

Բացի դրանից, աշխատակիցը, անապահովության գնահատման համակարգում հաշվառելու դիմաց, 2017թ. սեպտեմբերին Սիսիանի բնակչուհուց պահանջել է տարվա առաջին և վերջին ամիսներին հասանելիք նպաստի գումարները: Ստանալով վերջինիս համաձայնությունը, 2017թ. դեկտեմբերի վերջերին «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարի օժանդակությամբ անձամբ վերջինից ստացել է քաղաքացու հասանելիք 2017թ.  դեկտեմբեր ամսվա նպաստի 29 000 դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարին, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի հիմքով:

Սակայն նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավարին՝ մասնաճյուղի հիշյալ փոստատարի՝ հետագայում աշխատելու նպատակահարմարության հարցը քննության առնելու վերաբերյալ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: