Լավրով. ՌԴ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները կիրականացվեն

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այդ գործընթացին օժանդակելու Մոսկվայի մտադրության մասին։

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Մոսկվան համարում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա։ Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցություններից հետո։

«Մարդասիրական միջոցները հստակ շարադրված են համատեղ հայտարարության մեջ (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների) և ամփոփված են իրավիճակի կայունացման համար լրացուցիչ ջանքեր գործադրելու կողմերի համաձայնության մեջ, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, ինչպես նաև ազատազրկման մեջ գտնվող հարազատներին ու մտերիմներին այցելելու համար ազգականներին օժանդակելու պայմանավորվածության,-ասել է Լավրովը։- Բացի այդ, դա նաև մարդկանց միջև շփումների խրախուսումն է, ներառյալ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների։ Համարում եմ, որ սա շատ օգտակար պայմանավորվածություն է»։

«Ես կարդացել եմ մեկնաբանություններ, որ նման բաները, հատկապես մարդասիրական ոլորտում, ոչ միշտ են կատարվել,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։- Դա ճիշտ է։ Ապրիլի 15-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով, զգալով մթնոլորտը, որում ներկայումս ընթանում է աշխատանքը, ես հիմքեր ունեմ համարելու, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա,- ասել է Լավրովը։ – Մենք կօգնենք դրանց իրականացմանը»։

Պատասխանելով հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մասին հարցին, նախարարը նշել է, որ դրանք «ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածությունների որոնում՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման հիման վրա»։

«Մանրամասները, իհարկե, գաղտնի են»,-ասել է Սերգեյ Լավրովը։