Բակո Սահակյանն ԱԺ նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների և 2019թ․ ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ:

ԱՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկացմամբ, Բակո Սահակյանը նշել է, որ 2018թ․ երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել և ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:

Նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը և համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված և արհեստավարժ աշխատանքի միջոցով:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարևոր առաջադրանքներից եղել է, կա և կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը ՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության և սկզբունքային դիրքորոշման համար: