Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները (տեսանյութ)

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Այդ մասին տեղեկացրել է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն են հայտնել ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունը՝ ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշել են, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում:

Առանձնահատուկ կարևորվել է Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի դերը, կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարևորվել են խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով: