«Կհանդիպենք ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը». Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:

«Ermenihaber»-ի տեղեկացմամբ, Չավուշօղլուի հայտարարություններից հետո, ի նշան բողոքի՝ դահլիճը լքած Ֆրանսիայի ներկայացուցիչն ուղիղ եթերում մեկնաբանել  է իր քայլը:

Քրիմին նշել է, որ դահլիճը լքել է ֆրանսիացի մյուս պատվիրակների հետ և հավելել, որ ինքը չի փախել, և ոչ էլ կոնֆերանսից իրեն դուրս է հանել արտգործնախարարը:

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ փախչում,- ասել է Քրիմին:- Եթե նախարարը ցանկանա դեմ առ դեմ հանդիպել և քննարկել, ես այստեղ եմ»։

Ծագումով թունիսցի խորհրդարանական Քրիմիի խոսքով` Չավուշօղլուի խոսքերն իրեն հիշեցրել են ծայրահեղ աջակողմյանների փաստարկները, որոնք, իր կարծիքով, խելահեղ են:

«Այդ փաստարկները բերում է իսլամամետ թուրք պահպանողականների կուսակցությունը, ինչը չափազանց հետաքրքիր է»,- հայտնել է նա:

Նրա փոխանցմամբ` նախապես ֆրանսիացի պատվիրակներին ասել են, թե ինչ պետք է ասել և ինչպես պետք է մտածել:

«Ես ցանկանում եմ տեսնել նաև պատմության մյուս տարբերակները,- նշել է խորհրդարանականը:- Մեզ շարունակ ասել են. «Ովքեր ձեզ ասել են, որ Հայոց ցեղասպանություն է եղել, նրանք լավ պատմաբաններ չեն: Մենք լավ պատմաբաններ ունենք: Պիտի լսենք պատմությանը: Ուրիշներին չպետք է հավատաք»»։

Ուղիղ եթերով Քրիմին ասել է. «Պատմությունը չեք կարող գրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»:

Նշենք, որ այս իրադարձության հետ կապված խորհրդարանականը բազմաթիվ սպառնալից նամակներ է ստացել:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։

Չավուշօղլուն անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշմանը, նշել էր, որ դա հակասում է Եվրադատարանի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել էր, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»: