Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան, հայտարարել է Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնված է լինելու երկու հիմնասյուների վրա. հարկային բարեփոխումների ծրագիր, որը հարկերն ավելի թափանցիկ և գործարարների համար ավելի պարզ կդարձնի, և Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի և ներդրումների աճ:

«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփոխումներին, որոնք կարևորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության, այնպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»,- ասել է տնօրենը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի, թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ.

«Մենք ունենք հաստատված կառավարության ծրագիր, ունենք բարեփոխումների ծրագրեր, և ԱՄՀ-ի և ՀԲ-ի մասնակցության ձևը, չափը և ժամանակահատվածն, ըստ էության, դրանց շուրջ են լինելու»,-նշել է փոխվարչապետը։

Գրիգորյանի խոսքով, Համաշխարհային բանկի հետ Հայաստանը համագործակցելու է մարդկային կապիտալի զարգացման և արտահանման աճի ոլորտներում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանալու է հարկային վարչարարության և ներդրումների աճի շուրջ:

Ընդգծելով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցրել է բարեփոխումների շարունակական բնույթն ապահովելու անհրաժեշտությունը։

«Հայաստանի համար շատ կարևոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն,- ասել է նա։- Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»: